Աթերոսկլերոզն անոթային ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը բարձրացնում է գլխուղեղի կաթվածի ու սրտի նոպայի զարգացման հավանականությունը։
Այս հիվանդության զարգացմանը նպաստող հիմնական գործոններն են արյան մեջ ճարպային բաղադրիչների բարձր մակարդակը, ֆիզիկական վարժությունների պակասը, ծխախոտի գործածությունն ու զարկերակային բարձր ճնշումը։ Աթերոսկլերոզի դեպքում անոթների պատերին կալցիումի, ճարպի ու շարակցական հյուսվածքների նստվածքներ են կուտակվում, ինչը հանգեցնում է անոթների կարծրացման ու լուսանցքի նեղացման։
Այս ամենի հետևանքով անոթները կորցնում են արյան հոսքի մեծացման ֆոնին լայնանալու հատկությունը, ինչը մեծացնում է վնասվածքների հավանականությունը։
Բացի այդ, նման վնասված հատվածներում ակտիվ կերպով խոլեստերինային վահանիկներ են կուտակվում, ինչն էլ բարձրացնում է թրոմբոզի և դրա վտանգավոր հետևանքների զարգացման հավանակությունը։ Այդ հետևանքների շարքին են դասվում սրտի իշեմիկ հիվանդությունը, գլխուղեղում արյան շրջանառության խանգարումը, զարկերակային էմբոլինան, որն էլ կարող է զարգանալ ինչպես վերջույթներում, այնպես էլ գլխուղեղում և այլ օրգաններում։
Այս վտանգավոր հիվանդությունը կարող է երկար ժամանակ աննկատ մնալ՝ շարունակելով զարգանալ և ավելի ու ավելի մեծ վնաս հասնել օրգանիզմին, ուստի այն ժամանակին հայտնաբերելը և միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է շատ ուշադիր լինել ու անուշադրության չմատնել այն ախտանշանները, որոնցով օրգանիզմը հուշում է աթերոսկլերոզի զարգացման մասին։
Ցավեր ոտքերի հատվածում
Ոտքերի կամ կոնքի զարկերակների կարծրացման դեպքում հաճախ նկատվում են ոտքի ցավեր կամ տհաճ զգացողություններ։ Նման դեպքերում ոտքերի մկանների ցավերը պայմանավորված են լինում նրանով, որ արյան շրջանառության վատթարացման պատճառով հյուսվածքները չեն ստանում բավարար քանակությամբ թթվածին։ Նման ցավի դեպքում մարդը հաճախ կանգ է առնում՝ սպասելով, որ ցավը կմեղմվի, սակայն քայլելը վերսկսելու դեպքում ցավը կրկին ուժգնանում է։ Չափազանց լուրջ դեպքերում ցավոտ զգացողությունները կարող են անհանգստացնել անգամ պառկած դիրքով գտնվելու ժամանակ, ուստի նման ախտանշանը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։
Կրծքավանդակի սեղմվածության զգացողություն
Երբ աթերոսկլերոզի պատճառով կորոնար զարկերակները նեղանում են, սրտամկանը դադարում է բավարար քանակությամբ արյուն ստանալ, ուստի չի ստանում նաև բավարար քանակությամբ թթվածին։ Սա հանգեցնում է սրտի իշեմիկ հիվանդության զարգացման, որի հիմնական ախտանշաններից մեկն է լինում ստենոկարդիայով պայմանավորված ցավն ու կրծքավանդակի սեղմվածության զգացողությունը։ Չափազանց խորացած դեպքերում սրտի իշեմիկ հիվանդությունը հանգեցնում է սրտամկանի հյուսվածքների մեռուկի ու սրտի նոպայի, ինչի մասին կարող են հուշել ձախ ձեռքի, մեջքի, թիակների ու ծնոտի հատվածում տարածվող ցավերը։ Որոշ դեպքերում սրտամկանի ինֆարկտը չի ուղեկցվում որևէ ախտանշանով, ինչը կարող է շատ ավելի վտանգավոր լինել։
Գլխապտույտներ
Եթե արյունատար անոթներից որևէ մեկը (օրինակ՝ քներակը) ախտահարած աթերոսկլերոզը հանգեցնում է գլխուղեղում արյան հոսքի խանգարման, ապա կարող են նկատվել այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են գլխապտույտները, գիտակցության մթագնման դրվագներն ու հիշողության հետ կապված խնդիրները։ Անոթի ամբողջական խցանման դեպքում տեղի է ունենում գլխուղեղի կաթված, ինչի մասին կարող են հուշել խոսքի խանգարումները կամ մարմնի մի կողմի լուծանքը։ Նման խանգարումը կարող է մահվան ելք ունենալ, ուստի հարկավոր է շատ զգոն լինել։
Աթերոսկլերոզի ախտորոշումը
Այս հիվանդությունն ախտորոշվում է բուժզննման արդյունքում, ուստի անոթային անբարենպաստ փոփոխությունները վաղ փուլերում հայտնաբերելու համար հարկավոր է կանոնավոր բուժզննում անցնել։ Օրինակ՝ զարկերակների կալցինոզը սովորաբար ախտորոշվում է ուլտրաձայնային հետազոտության միջոցով, ուստի կանոնավոր պրոֆիլակտիկ հետազոտություններ անցնելը թույլ կտա խուսափել կյանքի համար վտանգավոր բարդությունների զարգացումից։