Ինչ ունեցվածք են հայտարարագրել ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանը և նրա կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը

armtimes.com-ը գրում է

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, 2021 թվականին ընտրվելով ԱԺ պատգամավոր, նույն թվականի հոկտեմբերի 27-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ ընդդիմադիր պատգամավորը հայտարարագրել է 1 հողամաս Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որը համատեղ սեփականություն է, 3 բնակարան, բոլորն էլ՝ համատեղ սեփականություն, համապատասխանաբար՝ երկուսը Երևանի Կենտրոն վարչական շրջանում, մեկը՝ Իսպանիայի Ալիկանտե Արենալես Դել Սոլ Էլչե քաղաքում: Ինչպես նաև՝ 3 ավտոկայանատեղի, կրկին՝ համատեղ սեփականությամբ, երեքն էլ՝ Կենտրոն վարչական շրջանում:

Հակոբյանը հայտարարագրել է 4 շարժական գույք՝ 2 «Մերսեդես-Բենց» և 1 «Լեքսուզ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև՝ «HARLEY» մակնիշի մոտոցիկլ:

Վերջինս ներկայացրել է նաև 10 հազար դրամ արժողությամբ արժեթուղթ:

Ընդդիմադիր պատգամավորը թանկարժեք ժամացույցների հավաքածու ունի: Նա հայտարարագրել է 6 ժամացույց: Այսպիսով՝ դրանցից երեքը գնում է, որոնցից երկուսն արժեն 20 հազար դոլար, մեկը՝ 6 միլիոն դրամ: Մյուս երեք ժամացույցները նվեր են՝ 17 հազար դոլար, 11 և 12 միլիոն դրամ արժողությամբ:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտարարագրել է 3 միլիոն 668 հազար դրամ, 248 հազար 551 դոլար և 232 հազար եվրո:

Որպես կանխիկ գումար Հակոբյանը հայտարարագրել է 15 միլիոն 70 հազար դրամ, 75 հազար 400 դոլար և 208 հազար 800 եվրո:

Ինչպես նաև պատգամավորը «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊԸ-ից ստացել է 210 հազար դրամ ապահովագրություն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից՝ 42 միլիոն դրամ աշխատավարձ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից 4 միլիոն 108 հազար դրամ:

Հակոբյանն ունի նաև վարկ՝ 149 հազար 785 եվրո՝ բնակարան գնելու նպատակով: Վերջինս նաև «Քրոնիմետ Մետալ Թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ-ում հանդես է գալիս որպես բաժնետեր: Նա «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբ» ՍՊԸ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Սյունիքի մարզի Շախմատի ֆեդերացիայի» ՀԿ նախագահը:

Ընդդիմադիր պատգամավորի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, հայտարարագրել է անհատական բնակելի տուն Աջափնյակ վարչական շրջանում, որը համատեղ սեփականություն է, հողամաս և հողին ամրակայված այլ անշարժ գույք, կրկին համատեղ սեփականությամբ և կրկին՝ Աջափնյակում, Կենտրոն վարչական շրջանում մեկ բնակարան՝ համատեղ սեփականությամբ:

Նա, ինչպես ամուսինը, թանկարժեք իրերի սիրահար է: Էլիզաբեթ Պետրոսյանը հայտարարագրել է 3 ժամացույց, որոնցից 2-ը գնում են՝ 10 հազար դոլար և 20 հազար դոլար արժողությամբ, և մեկը նվեր՝ 20 հազար դոլար արժողությամբ: Պետրոսյանը նաև հայտարարագրել է 1 ջրանկար՝ 18 հազար դոլար արժողությամբ, 1 յուղանկար՝ 150 հազար դոլար արժողությամբ, և 1 նկար՝ 200 հազար դոլար արժողությամբ: Բոլոր նկարները վերջինս ստացել է որպես ժառանգություն:

Դրամական միջոցներ բաժնում պատգամավորի կինը ներկայացրել է 5 միլիոն 243 հազար դրամ: Պետրոսյանը «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ից ստացել է 5 միլիոն դրամ փոխառություն: Որպես կանխիկ գումար նա հայտարարագրել է 150 հազար դոլար, 40 հազար եվրո և 4 միլիոն 50 հազար դրամ:

Էլիզաբեթ Պետրոսյանը «Հանրային Դիվանագիտություն» ԲՀԿ-ից ստացել է 6 միլիոն 600 հազար դրամ, «Արմենիան Մայնինգ Քոնթրաքթոր» ՍՊԸ-ից՝ 36 միլիոն 536 հազար դրամ աշխատավարձ: Ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից 10 միլիոն 980 հազար դրամ՝ որպես հիփոթեքից ստացված եկամտահարկի վճար, նաև՝ 481 հազար 500 դրամ պարտադիր կուտակային վճարի գերավճարների վերադարձ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից էլ Հակոբյանի կինը ստացել է 210 հազար 118 դրամ՝ որպես օվերդրաֆտի օգտագործված և չվերադարձված գումար:

Էլիզաբեթ Պետրոսյանը հայտարարագրել է նաև վարկ 202 միլիոն 191 հազար դրամ արժողությամբ՝ 2 բնակարան, 3 ավտոկայանատեղի գնելու նպատակով:

Աղբյուր՝  https://www.armtimes.com/

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: