Հայաստանյան պաշտոնական տեղեկատվական աղբյուրները, մասնավորապես, վարչապետի պաշտոնական կայքը չի ներկայացրել ողջ իրականությունը, որ տեղի է ունեցել երեկ՝ Բրյուսելում՝ Ալիև-Փաշինյան հանդիպման վերաբերյալ։ Ինչ-որ չափով այդ հանդիպման փակագծերը բացում է Եվրոմիության ներկայացուցիչ Շառլ Միշելն՝ իր հայտարարությամբ։ Թե ինչո՞ւ է պաշտոնական մեդիա ռեսուրսը լռում՝ տեղի ունեցածի մասին, առանց ավելորդ մեկնաբանությունների էլ պարզ է։ «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ վերլուծելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարությունները։
Հայկ Նահապետյանը ուշադրություն է հրավիրում՝ Եվրոմիության ներկայացուցչի պարզաբանումներում երկու շեշտադրում կա՝ Արցախի կարգավիճակի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաթեթը, ինչպես նաև՝ տրանսպորտային կոմունիկացիաների հետ կապված հարցը.
«Առաջին կետի հետ կապված, պաշտոնական Բրյուսելի ձևակերպումը հետևյալն է՝ անհրաժեշտ է (այլ կերպ ասած՝ պահանջվում է) պահպանել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Այստեղ նկատենք, որ պաշտոնական Բրյուսելը, այսինքն՝ Եվրոպան, օգտագործում է Ղարաբաղ տերմինը, մինչդեռ, մենք գործ ունենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակ ունեցող եզրույթի հետ։ Բնականաբար, սա տեղի է ունենում ԱՄՆ-ի հանձնարարությամբ, որովհետև Եվրոպան, ըստ էության, ԱՄՆ-ի շահերը սպասարկող կառույց է։ Ի՞նչ է սա նշանակում։ Դեռևս 1994 թվականի հրադադարից հետո, բոլոր տեսակի բանակցություններում, կիրառվել է, բացառապես, Լեռնային Ղարաբաղ եզրույթը։ Նկատենք, նաև, որ Արցախ անվանումը երբեք չի նշվել, որովհետև դա չճանաչված պետության ստատուս է։ Հիմա, ի՞նչ է ազդարարում Շառլ Միշելի այս քայլը՝ այն, որ, ըստ պաշտոնական Բրյուսելի, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակ, որպես ստատուսային՝ վարչատարածքային միավոր, այլևս գոյություն չունի՝ անգամ Ադրբեջանի կազմում։ Այսինքն, ստացվում է, որ Հայաստանը պատրաստվում է վերջնականապես հրաժարվել Ադրբեջանի կազմից դուրս՝ Արցախի որևէ կարգավիճակի դրսևորումից։ Ավելին՝ Շառլ Միշելի խոսքում Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ խոսք, անգամ, չկա։ Նա խոսում է Ղարաբաղի շրջանում էթնիկ հայ բնակչության իրավունքների անվտանգության մասին, միայն»։
Փորձելով մեկնաբանել Եվրոպական միության ներկայացուցչի ուղարկած այս հաղորդագրությունը, Հայկ Նահապետյանի արձանագրմամբ, լավագույն դեպքում, կարող են վերծանել հետևյալը՝ Ադրբեջանի կազմում Արցախում ապրող հայերը կարող են դիտարկվել որպես ազգային ինչ-որ փոքրամասնություն, ենթադրենք՝ մշակութային ինքնավարություն, իսկ այդպիսի կարգավիճակը հայերի համար վերջնական էթնիկ զտում է սպառնում՝ Ադրբեջանի կողմից.
«Իրականում, մենք հրաշալի կերպով պատկերացնում ենք, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ կոչվող վարչատարածքային միավորը նշանակում է, հաշված օրերի ընթացքում, տարածքի լիովին հայաթափում։ Այսինքն, Ադրբեջանն, այսպիսով, լուծում է իր առջև դրված երկու հիմնական խնդիրը՝ տարածքն ամբողջությամբ էթնիկ զտման է ենթարկում, որից հետո՝ Լեռնային Ղարաբաղից հայերի իսպառ բացակայությունն իր հետ բերելու է այնտեղ խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորքերի հեռացմանը։ Այն, ինչին, արդեն տևական ժամանակ, ամեն գնով, ձգտում են հավաքական Արևմուտքն ու ԱՄՆ-ն։ Փաստորեն, ամփոփելով տեղի ունեցածը, կարող են ասել, որ երեկ Բրյուսելում Արցախը ճանաչվել է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մի մաս»։
Անդրադառնալով բրյուսելյան հանդիպման արդյունքների մասին հայտնի դարձած երկրորդ կարևորագույն կետին, որը վերաբերում է տրանսպորտային կոմունիկացիաների թեմային, ռազմական փորձագետը նկատում է՝ սա, արդեն, Հայաստանին ուղղված լրջագույն մարտահրավեր է, որով մեր պետությունը ոչ միայն շրջափակման մեջ կհայտնվի, այլ կվերածվի որպես մի մեծ անկլավի՝ Հարավային Կովկասում.
«Ըստ էության, երեկ Բրյուսելում տարանցման կարգավորումների սկզբունքների վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել՝ Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի տարածքով, Հայաստանի տարբեր մասերից բեռնափոխադրումներ և հաղորդակցություններ ապահովել և այլն։ Ի՞նչ է սա նշանակում՝ այն, որ կան կարգավորումների վերաբերյալ ինչ-որ պայմանավորվածություններ, որտեղ Հայաստանն իր տարածքում գտնվող տարբեր շրջաններ իրար է միացնելու Ադրբեջանի միջոցով։ Օրինակ՝ Տիգրանաշենը, որ Վայոց Ձորը կապում է Սյունիքի հետ, ինչպես նաև՝ միջպետական մայրուղու հարևանությամբ է, հանձնվելով Ադրբեջանին, Հայաստանը կբաժանի երկու մասին։ Երկու մասի է բաժանվում նաև Տավուշի հյուսիսն ու հարավն իրար կապող հիմնական մայրուղին, որ նաև՝ Վրաստանի հետ միջպետական մայրուղին է։ Այլ կերպ ասած, շարժվելով այս համաձայնությամբ և պլանով, ստացվում է, որ Հայաստանը կորցնում է իր ցամաքային կապը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ, այսպիսով, դառնալով մի մեծ անկլավ՝ Հարավային Կովկասում։ Միաժամանակ, այսպիսով ստացվում է նաև, որ Ռուսաստանի Դաշնության ռազմավարական նշանակության պարտնյորը Հարավային Կովկասում, այլևս, անկլավի կարգավիճակ է ձեռք բերում»,- պարզաբանում է ռազմական փորձագետը։
Ամփոփելով զրույցը, Հայկ Նահապետյանն անդրադառնում է նաև փողոցային պայքարի զարգացումներին և նկատում է՝ չի կասկածում իր ժողովրդի վճռականության և անկոտրում կամքի վրա.
«Ես, ինքս էլ, հազարավոր մարդկանց նման, մասնակցում եմ ընդդիմության կազմակերպած պայքարին՝ համարյա ամեն երեկո հրապարակում եմ լինում։ Հպարտ եմ, որ պատիվ ունեմ մի մասնիկը լինելու հայ ժողովրդի, որն այս օրերին դուրս է եկել՝ վճռական պայքարի՝ թույլ չտալու մեր երկրի, պետության և պետականության վերջնական ոչնչացումն ու կործանումը։ Իսկ ընդդիմության լիդերներին, նրանց, ովքեր իրենց վրա պատասխանատվություն և պարտականություններ են ստանձնել՝ հայ ժողովրդի առաջ և առաջնորդում են փողոց դուրս եկած հազարավոր մտահոգ քաղաքացիներին, կոչ եմ անում՝ ժողովրդին անհապաղ կերպով ներկայացնել մեր պետության առջև ծառացած իրական վտանգները, խնդիրներն ու մարտահրավերները, որ իրականում շատ ավելի վտանգավոր և մտահոգիչ են, քան այն ելույթները, որ հնչեցնում են նրանք, այս օրերին իրենց վստահված հարթակներից»։
Աղբյուր` Փաստինֆո