«Ռուսաստանի կտրուկ և վճռական պատասխանը Հայաստանի իշխանություններին՝ չի ուշանա». ռազմական փորձագետ

«Թեպետ, նախկինում էլ պաշտոնական Մոսկվան՝ Կրեմլում, պատրանքներ չի ունեցել, որ այստեղ իշխանության է բերվել հակառուսական խունտա, որը ոտատակ տալով սեփական՝ հայկական շահը, անգլոսաքսոնական աշխարհի համար շատ լուրջ աշխարհաքաղաքական խնդիր է լուծում, այն է՝ տարածաշրջանից վերացնում է ռուսական ազդեցությունը, այնուամենայնիվ, արդեն, այս պահի դրությամբ, խաղաքարտերը բաց են»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, քննարկելով բրյուսելյան վերջին հանդիպման թողած տպավորությունները։

Վերջինիս արձանագրմամբ՝ եթե մինչ այս պահը քողարկման շղարշ կար, որ դրսևորվում էր հայ-ռուսական հարաբերություններն անգրագետ ռուսերենով ձևակերպված կիսատ — պռատ տեքստերով, ապա հիմա, արդեն, հայաստանյան իշխանությունները չեն էլ թաքցնում, որ բաց ու բացահայտ կերպով, սպասարկում են հավաքական Արևմուտքի շահը։ Ջամալյանը վստահ է՝ հիմա ռուսական կողմը իրավիճակին խիստ համարժեք քայլեր է նախապատրաստում, որն, անկասկած, անելու է։ Հայաստանի թրքացած իշխանություններին ուղղված՝ ռուսական պատասխանը շատ չի ուշանա։

«Իր հերթին, ակնհայտ է, որ հավաքական Արևմուտքը պաշտպանում է օրվա իշխանություն ներկայացող խունտային, որովհետև հենց իրենք են սրանց իշխանության բերել, որպեսզի Հայաստանը ոտատակ տալով, Անդրկովկասից վերացնեն ռուսական ազդեցությունը։ Ակնհայտ է նաև, որ Հայաստանում ամերիկյան (ինչպես նաև Եվրոմիության) դեսպանուհու վերջին շրջանի անկեղծությունը կանաչ լույս է՝ այս իշխանության համար։ Նրանք պարզ տեքստով, բացահայտ ասում են՝ փաշինյանական իշխանությանն ամեն ինչ կներվի, ընդհուպ մինչև բռնությունը, միայն թե նրանք շարունակեն նույն համառությամբ կառչած մնալ իրենց աթոռներից։ Միաժամանակ, նրանք շատ լավ էլ հասկանում են, որ Նիկոլին փոխարինող, անգամ, չունեն։ Այդ թիմի ներսում չկա այնպիսի մեկը, որ հանրային ընկալումներում, քիչ թե շատ, վստահելի լինի, որով կկարողանան փոխարինել Փաշինյանին։ Ճարահատյալ, նրանք շարունակում են պաշտպանել սրան՝ շատ լավ հասկանալով, որ նա չունի հանրային որևէ հենարան»։

Դավիթ Ջամալյանը, սակայն, նկատում է՝ եթե, հանկարծ, ամերիկա -եվրոպական դեսպանուհիների փոխանցած ոգևորությունից իշխանությունները որոշեն գնալ բռնություն կիրառելու ճանապարհով, այս կերպ, փորձելով մարել փողոցային պայքարի ոգին, ապա սա, անկասկած, հակառակ ռեակցիային է հանգեցնելու. «Մարդիկ փողոցներում, վստահաբար, ավելի ու ավելի են շատանալու, մյուս կողմից՝ ռուսական արձագանքը չի ուշանա։ Վստահ եմ՝ այս շարժումը դաշնակից Ռուսաստանի համար այն հենարանն է լինելու, որն ավելի է ամրապնդելու հայ – ռուսական հարաբերությունը, ինչպես նաև՝ մեր պետականության հիմքերը։ Այնպես որ, սա փոխադարձաբար օգտակար, կենսականորեն կարևոր նշանակության պայքար է՝ մի քանի բևեռներով։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի կտրուկ և վճռական պատասխանը՝ հայաստանյան թրքացած իշխանություններին, չի ուշանա»։

Խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին, ռազմական փորձագետը վստահություն է հայտնում՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. «Փաստ է, որ, այս պահի դրությամբ, արցախահայության ապրելու և պետություն ունենալու իրավունքը, ըստ էության, պաշտպանում է միայն ռուսական կողմը։ Այստեղ մեր շահերն, ակնհայտորեն, համընկնում են, ընդ որում, բարեկամ Իրանի դերն ու նշանակությունն՝ Արցախի հետ կապված հարցերում, ևս պետք չէ մոռանալ»։

Ամփոփելով զրույցը, Դավիթ Ջամալյանը վստահություն է հայտնում՝ խունտան, որ, իրականում, թրաքցածների մի խառնամբոխ է, շատ շուտով հեռանալու է, այլ տարբերակ, նրանք, պարզապես, չունեն։ Անգլոսաքսոնական ուժերի դավադիր պլաններն էլ՝ Հայաստանն առանց Արցախի և Սյունիքի, իրականություն չեն դառնալու, ինչպես որ անիրական է մնալու տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացումը կամ դրա վերացումը։

Աղբյուր` Փաստինֆո

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում