«Իմ աղջիկը վախկոտ չէր»․ Սոնա Մնացականյանի հայրը` աղջկա մասին
Aravot.am-ը գրում է․ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ Լեո-Պարոնյան ավտոճանապարհին հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի գործով մեղադրյալ ՃՈ ծառայող Արամ Նավասարդյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։
Բողոքի քննության օրը դեռ հայտնի չէ: Պաշտպանական կողմն արդեն պատրաստել է բողոքի դեմ առարկությունները:
Այս մասին Aravot.am-ին հայտնեց Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը՝ վստահեցնելով, որ կալանքի անհրաժեշտություն չկա, կալանքը, ըստ նրա, Երեւան քաղաքի դատախազի «պրինցիպն է»:
Աղջկա մահվան պատճառ դարձած վթարի հեղինակի ազատության մեջ մնալու հանգամանքը անհանգստացնում է մահացած աղջկա հորը՝ Մնացական Մնացականյանին: Նա Aravot.am-ին պատմեց, որ աղջկա մահից հետո կորցրել է քունը. «Սոնայի մահից հետո այցելել եմ դեպքի վայր, փորձել դեպքի հանգամանքները պարզել:
Հարցուփորձ եմ արել կողքի խանութների ու գործող օբյեկտների աշխատողներից, ոչ մեկը ոչինչ չի խոսում, ոնց որ վախեցած լինեն: Այն տպավորությունն է, որ արգելված է խոսելը, ինձ թվում է՝ դա պատահական չէ, մարդիկ այնքան էմոցիոնալ ընդունեցին դեպքը, դրանից հետո ծնողին տեսնեն ու չխոսե՞ն:
Ընդամենը խուսափողական պատասխաններ էին տալիս՝ ես այդ ժամանակ այդտեղ չեմ եղել, չեմ տեսել, չեմ լսել:
Հարվածի ձայնն այնքան ուժեղ է եղել, որ դեպքի վայրի կողքում բնակվող բնակարանի ներսում բնակիչը մտածել է, թե երկու մեքենա են իրար խփել: Բայց արի ու տես, որ հարցուփորձ եմ անում մարդկանց, ինձ ոչ մեկը չի պատասխանում:
Ես հակված եմ մտածել, որ չխոսելու ցուցում կա: Դա արդեն նշանակում է, որ մեղադրյալը խանգարում է քննությանը: Ի՞նչ է նշանակում՝ ազատության մեջ է ու չի խանգարում»:
Անդրադառնալով պնդումներին, թե եթե Սոնան հետքայլ չկատարեր, վթար տեղի չէր ունենա՝ Մնացական Մնացականյանը շարունակեց.
«Ինչի՞ մասին է խոսքը, տեսանյութերը որ նայում ենք, երեւում է, որ ամենաքիչը մի 15 վայրկյան 40 մետրից վարորդը տեսնում է, որ հետիոտնը կանգնած է, այսինքն` հետիոտնը չի կողմնորոշվում՝ հետ, թե առաջ գնա:
Իմ աղջիկը վախկոտ չէր, իմ աղջիկը պարաշյուտով էր թռնում, իմ աղջիկը գնացել էր Նորվեգիա՝ հյուսիսափայլը նայելու, իմ աղջիկը գնացել էր Նեպալ՝ քրմերի հետ հանդիպելու, իմ աղջիկը օդանավ էր վարձել Էվերեստը տեսնելու համար:
Այս բոլորը պատահական չեմ ասում, բայց արի ու տես վթարից առաջ տեսնում ենք, որ ինքը վախենում է, վախեցած նապաստակի է նմանվում: Այդ գազան մեքենան գազանաբար, որ եկել է, իմ աղջիկը վախեցել է, չի կողմնորոշվել:
Ու հիմա այն կարծիքը կա, որ այդ մարդը, ազատության մեջ մնալով, չի խանգարում, հա՞: Այդ մարդը պետք է շարունակի ազատության մեջ մնա՞, որ ընկերներն ու հարազատները գան ու ասեն, որ դու մեղավոր չես:
Սուտը մի 10 անգամ, որ ասում ես, ճշմարտության տեղ էլ է անցնում: Ես ուզում եմ մասնակցել վերաքննիչ բողոքի քննությանը, որ դատավորին տեղեկացնեմ իրավիճակը եւ ցույց տամ՝ արդյոք այդ մարդը չի՞ խանգարում ազատության մեջ լինելով»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում