Դոլարի արժեզրկման հիմքում ընկած են աշխարհաքաղաքական բնույթի մի շարք գործոններ. տնտեսագետ

Հայկական դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ վերջին շրջանում արագորեն արժևորվում է։ Վերջին օրերին հայաստանյան բանկերում ամերիկյան դոլար կարելի է ձեռք բերել 430 դրամից էլ քիչ գումարով։ Այսօր, ինչպես տեղեկանում ենք Rate.am կայքից, ԱՄՆ դոլարը վաճառվում է միջինը 428.62 դրամով, իսկ հուլիսի 1-ին բանկերում դոլարի գինը 439-442 դրամի սահմաններում էր։

Մասնագետներն ասում են, որ դոլարի արժեզրկման դեպքում գործում է տնտեսագիտական առաջարկի-պահանջարկի կանոնը։

Panorana.am-ի թղթակցի հետո զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը խոսելով դոլարի արժեզրկման մասին, նախ նշեց՝ գլխավոր պատճառն այն է, որ Միացյալ նահանգների ֆեդերալ ռեզերվային համակարգը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում շուրջ 40 տոկոսով ավելացրել է դրամական բազան։

Նրա խոսքով՝ ոչ միայն Միացյալ նահանգներում, այլև ամբողջ աշխարհում դոլարն արժեզրկվել է, քանի որ, ըստ էության, դոլարը վճարահաշվարկային համակարգի հիմքն է, երկրների գերակշիռ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, իրենց արժույթի և ոսկու ռեզերվների հիմնական մասը պահում են ԱՄՆ դոլարով։

Ատոմ Մարգարյանը նշեց, որ արժեզրկման պատճառներից մեկն էլ ռուս-ուկրաինական պատերազմն է։

«Այն, որ էներգակիրների դիմաց Ռուսաստանը պահանջում է վճարել ռուսական ռուբլով, դա նշանակում է դոլարի նկատմամբ պահանջարկը ոչ թե տոկոսներով, այլ բազմակի անգամներով նվազել է։ Սա իրողություն է։ Դոլարի արժեզրկման հիմքում ընկած են ոչ միայն ֆինանսական, այլև աշխարհաքաղաքական բնույթի մի շարք գործոններ։

Այն համակարգը, որը գործել է գրեթե ութ տասնամյակ, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Արևմտյան Եվրոպայի երկրների, Ավստրալիայի և Ճապոնիայի միջև կնքվեց Բրետոն Վուդսի համաձայնագիրը, այլևս կենսունակ չէ։ Առաջ են եկել երկրներ, որոնք չեն ցանկանում խաղալ ԱՄՆ-ի կանոններով։ Իհարկե դրանց հետևում համաշխարհային հայտնի կլաններն են, խոշորագույն բանկային և օլիգարխիկ համակարգի սեփականատերերը։ Սա է իրականությունը»,- ընդգծեց Ատոմ Մարգարյանը։

Ըստ նրա՝ հատկապես վերջին տարիների ընթացքում սրընթաց զարգացում է ապրել Չինաստանը, նաև մի շարք այլ երկրներ, որոնք մարտահրավեր են նետել այդ համակարգին։

Ինչ վերաբերում է Հայաստանին, տնտեսագետի խոսքով, Հայաստանը ևս ռուսական էներգակիրների դիմաց վճարում է ռուբլով, ինչը էապես նվազեցրել է դոլարի նկատմամբ պահանջարկը, ուստի բնական է, որ այն կարժեզրկվեր։

Հարցին, թե այդ դեպքում ինչու գները չեն նվազում, Ատոմ Մարգարյանը նկատեց, որ այդ կապը միանշանակ չէ, խնդիրը հիմնականում կապված է ընդհանուր գնաճային միտումների հետ։

«Գնաճ արձանագրվել է ոչ միայն ներկրվող, այլև արտահանվող ապրանքների մասով, քանի որ համատարած դեֆիցիտ կա և տեսնում ենք, թե ինչ է կատարվում պարենային ապրանքների շուկաներում՝ հացահատիկի, բուսական յուղի մասով։ Մյուս ապրանքների գծով ևս խզումներ են և, բնական է, որ որտեղ կա դեֆիցիտ, այնտեղ կա գների բարձրացում։ Այն պնդումները, թե դոլարի արժեզրկման դեպքում գները նվազեին, այդպես չէ։ Ապրանքները վաճառվում են այն գնով, ինչ գնով որոշում է շուկան»,- ասաց Ատոմ Մարգարյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում