«Ալիևն ասել է՝ Պուտինն ինչ – որ անհաջող բան է ասել, ես չեմ ժխտելու, դուք ժխտեք հայերով, և Փաշինյանը զանգել է իր պատգամավորին ու ասել՝ վեր կաց, այդ հայտարարությունն արա». Բագրատյան (տեսանյութ)

«Ես ուզում եմ դուք հասկանաք, որ երբ ասում են՝ կա անկլավների խնդիր, կամ մենք պետք է անկլավները տանք ու Արծվաշենը ստանանք, չկա նման բան։ Կա չորս անկլավ, չորսն էլ հայկական են, Արծվաշենն էլ հետը»,- այսօր «Ֆրանսիայի հրապարակի հարթակից այս մասին խոսել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Վերջինս հավելել է՝ ինքը սա հեշտ խնդիր չի համարում, բայց միաժամանակ, չի կարողանում հասկանալ այն, որ ՀՀ ղեկավարությունը խաբում է. «Պատկերացրեք՝ դուք տան մեջ ունեք չորսը սենյակ, մեկը զավթում է ձեր երկու սենյակը, դուք վիճում եք, ասում է՝ դե, արի կոմպրոմիսի գանք, իմ զավթած երկու սենյակից մեկն ինձ թող, մյուսը՝ վերցրու քեզ։ Հիմա սա է տեղի ունենում»,- ասել է Բագրատյանը։

Ո՞ր քարտեզը պետք է հիմք ընդունվեր՝ որոշելու համար սահմանները, հարց է տալիս նախկին վարչապետն ու պատասխանում.«Ես ոչ պրոամերիկյան եմ, ոչ պրոռուսական, ոչ պրոեվրոպական։ Եվրոպայի և ԱՄՆ-ի մասով մտածում եմ, որ նրանք միշտ ձախողել են իրենց վրա դրված պարտականությունը, ռուսներն էլի զիջեցին, բայց 29.800 քառ. կմ պահպանվեց ու մեզ հասավ և այլն։ Ես հիացած չեմ դրանից և ոչ մեկի գործունեությամբ, բայց սրանից երկու ամիս առաջ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց՝ սահմանները պետք է գծենք 1926 թվականի ռազմական քարտեզներով։ Ի՞նչ տեղի ունեցավ մեկ օր հետո՝ թվում էր, թե Ադրբեջանում պետք է կատաղեն, Ալիևը պետք է ասի՝ էս ի՞նչ է ասում և այլն, բայց Ալիևը գիտի, թե ինչպես իրեն պահի։ Հանկարծ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը հայտարարեց, որ Հայաստանի համար ավելի ընդունելի են 1991 թվականի քարտեզները։ Ի՞նչ է կատարվել՝ կարելի է ենթադրել, որ Ալիևը զանգել է, ասել է՝ Պուտինն ինչ – որ անհաջող բան է ասել, բայց ես չեմ ժխտելու, դուք ժխտեք՝ հայերով։ Եվ վստահ եմ, որ Փաշինյանը, դրանից հետո զանգել է այդ պատգամավորին և ասել՝ վեր կաց ու այդ հայտարարությունն արա»,- ասել է Բագրատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում