Վարչապետը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակի կառուցման ծրագրի իրականացմանը: «Գիտեք, որ մենք մասշտաբային ծրագիր ենք իրականացնում՝ մեր նահատակների հիշատակին նվիրված այգի ենք ստեղծում Երևանի բուսաբանական այգու տարածքում: Մենք այդ նախագիծն անվանել ենք «Կյանքի պուրակ»: Եվ մեր տրամաբանությունն այն է, որ դա պետք է լինի մի տեղ, որտեղ մարդիկ գնան ընտանիքներով, ժամանակ անցկացնեն, երեխաները խաղան, վազվզեն: Դա պետք է ընգծի կյանքի, այլ ոչ թե մահվան տրամաբանությունը»,-ասել է կառավարության ղեկավարը և Վարչապետի աշխատաակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից հետաքրքվել, թե որ փուլում է գտնվում աշխատանքը:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ անցած տարվա աշնանից իրականացվել են նախագծման աշխատանքներ, անցկացվել են խորհրդակցություններ. «Նախագծման աշխատանքներն ավարտվել են: Ինձ տեղեկացրել են, որ երկու օր առաջ նախագիծը պաշտոնապես փոխանցվել է ՏԿԵՆ-ին: Առաջիկայում՝ երկու-երեք շաբաթվա ընթացքում, կունենանք փորձագիտական կարծիքը, և արդեն կկարողանանք շինարարական աշխատանքի մրցույթը հայտարարել: Տեղեկացնեմ, որ ամբողջությամբ ոռոգման նոր համակարգ ենք այնտեղ կառուցելու: Նոր խողովակաշար է կառուցվելու մի քանի կմ երկարությամբ: Այս նախագծի ընդհանուր գումարը կկազմի 4.2 մլրդ դրամ, որից 200 մլն հենց այդ խողովակաշարն է: Իսկ մնացածը շինարարական աշխատանքներն են: Այսինքն՝ այս պահին 1-1,5 ամիս ժամանակահատվածում կունենանք վերջնական նախագիծը, մրցույթ կհայտարարենք, իսկ շինարարությունը կտևի երեք տարի»: