Թատրոնի և կինոյի դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի կարծիքով` հայ ժողովուրդը չափից շատ է չարացել: Դերասանուհու պնդմամբ` դավաճանների պակաս էլ Հայաստանում, ցավոք սրտի չկա: Այս ամենի հետ մեկտեղ դերասանուհին անգամ չի պատկերացնում իրեն մեկ ուրիշ երկրում: «Հայաստանն իմ շնչառությունն է», — ասում է նա:
— Լուսինե, Հայաստանն այդքան սիրում ես, սակայն, այսօր Հայաստանում ապրելն առավել քան երբևէ դժվար է դարձել: Ի՞նչը կցանկանայիր, որպեսզի փոխվեր Հայաստանում:
— Բնականաբար կցանկանայի ավելի լավ Հայաստանում ապրել, բայց ասեմ, որ ես հիմա Հայաստանը շատ-շատ եմ սիրում: Երբեք չեմ կարող արտագաղթել: Միայնակ կին եմ, մշտապես Հայաստանից հեռանալու հնարավորություն եղել է, սակայն չեմ կարողացել…. Օդն ուրիշ տեղ չի հերիքում: Սոցիալական պայմաններն, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կան, սակայն ինձ դա չի հուսահատեցնում, ավելի շատ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ ինչքան վատն են դարձել մարդիկ: Կորցրել են խիղճը, շատերն էլ տգետի են վերածվել, ուղեղ չունեն, չի աշխատում: Երկրաշարժից հետո, երբ կողքդ ավերակ է, դիակներն ընկած…. ո՞նց կարող էր Հայաստանը միանգամից ծաղկել: Կախարդական փայտիկ չկա, որ ամեն ինչ մի վայրկյանում վերականգնվի: Ամեն ինչ պետք է կամաց-կամաց տեղի ունենա, իսկ դրա համար հարկավոր է, որ մարդն ունենա հավատ և ձգտում` հարգի իր ազգը, երկիրը: Սերը մեր ժողովրդի մեջ պակասում է…. բոլորը չար են, ներվայնացած ու հիվանդ:
— 2018-ի հայտնի դեպքերից հետո որոշներն ասում էին, լավ է՝ ժողովրդի դեմքին ժպիտ է հայտնվել, մարդիկ ուրախ են: Ինչո՞ւ չքացավ այդ ժպիտը, մարդիկ ինչո՞ւ չարացան:
— Հայ ժողովրդի մեջ դավաճանների թիվն անհաշվելի է: Լավը չեն կարողանում գնահատել: Փողի և իր սեփականի աթոռի համար որոշները պատրաստ են ամեն տեսակ ստորության:
— Առաջ, կարծես, վարչապետին համակրում էիք: Հիմա ի՞նչ կարծիք ունեք նրա մասին:
— Հիմա էլ եմ համակրում: Եթե մարդու կողքին դավաճաններ են լինում, թիկունքից նրան հարվածում, ինչպես ասել է Գարեգին Նժդեհը` հայի տականքը ոչ մի ազգ չունի: Ով կարդացել է պատմություն, գիտի, որ էն գլխից էլ դավաճանների պակաս չենք ունեցել: Ո՞նց կարող է մարդը 36 հազար դրամով վաճառել իր հայրենիքը…. ո՞նց կարող է հարյուր դոլարով երկիր վաճառել: Մարդ կա իր կյանքին վերջ է տալիս, որ հանկարծ գերի չընկնի, մարդ էլ կա էսպես է վարվում: Մի կիլո մսի համար երկիր ծախող ազգ ենք դարձել: Ամոթ է: Նման մարդիկ Աստծո կողմից երբեք ընդունելի չեն եղել ու չեն լինի: Նման մարդիկ պիտանի չեն հասարակությանը: Վտանգավոր են, հիվանդ…. մենք պետք է գնահատել սովորենք: