Մենք չենք պատրաստվում մեր տները թողնել, ինչ է՝ Նիկոլ Փաշինյանը սխալ բանակցություններ է վարում․ Աղավնոյի համայնքապետ

Մենք չենք պատրաստվում մեր տները թողնել, ինչ է՝ Նիկոլ Փաշինյանը սխալ բանակցություններ է վարում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը։

Ըստ Աղավնոյի համայնքապետի՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող անընդհատ զիջողի դիրք բռնել․

«Ես չեմ հասկանում, թե հանուն ինչի է նա այդպես անում։ Որեւէ մեկն իրեն մանդատ չի տվել, որ ինքը հանձնի հողեր։ Նա ասում է՝ Աղավնոյի բնակիչները Արցախին, այսինքն՝ դու պիտի նստես բանակցության, սխալ որոշումներ կայացնես, քո վրայից ցրես ու Արցախի իշխանությունների գցե՞ս։ Ղալաթ կանի, համ ինքը, համ էլ իր եղբայր Ալիեւը։ Ես չեմ լքելու, եւ ավելին, ավելի լուրջ քայլերի ենք պատրաստվելու»։

Հարցին՝ բնակիչներն ինչպե՞ս են տրամադրված այդ հարցի վերաբերյալ, Անդրանիկ Չավուշյանն ասաց․ «Բնակիչների տրամադրվածությունը նույնպես մնալուն է ուղղված։ Որքան հալածանք է լինում, մենք ավելի ենք ոգեւորվում։ Մենք չենք պատրաստվում մեր տները թողնել, հանգիստ ու առանց ոչ մի բանի դուրս գալ, ինչ է՝ Նիկոլ Փաշինյանն իր սխալ բանակցություններն է վարում»։

Հարցին՝ արդյոք անակնկա՞լ էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, համայնքապետն ասաց․ «Չէ, անակնկալ չէր։ Ես սպասում էի, որ նա այդպիսի հայտարարություն կանի։ Որ մարդկանց ասում էինք, ատելությամբ էին արձագանքում։ Հազարավոր մարդիկ զոհվեցին, որ հողը մնա, հիմա հող ենք զիջում, որ մարդու կյանք փրկե՞նք, մեզ այս կյանքը պետք չի»։