Ես այդքան հարուստ չեմ, որ էժան ապրանք առնեմ. Փաշինյանն ասացվածք է հիշել կառավարության նիստին

Tert.am-ը գրում է.

Կառավարությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացնի 11.8 միլիարդ դրամ՝ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման գործընթացի ապահովման համար:

Նիստին Փաշինյանն ասաց, որ ճանապարհաշինության ոլորտում ծավալուն աշխատանքներ են իրականացնում, բայց աշխատանքի որակի հետ կապված խնդիրներ կան․ «Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի աշխատանքի որակական հատվածը, ընդ որում, բացի ճանապարհների որակի հետ կապված խնդրից, մենք ունենք նաև սահմանված քաշից ավելի քաշով մեքենաների երթևեկության խնդիր ու մեր քաղաքական որոշումն այն է, որ պարտադիր պետք է ճանապարհային կշեռքների համակարգ ունենանք, որ կարողանանք հանրային ներդրումները ծառայեցնել պատշաճ նպատակին», — ասաց վարչապետը:

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ ասաց, թե հատուկ ուշադրության կենտրոնում է թեման, ունեցել են երկու շարժական կշեռքներ, որոնք տեղափոխելու տարբերակով վերահսկողություն էին իրականացնում խնդրահարույց հատվածներում:

«Հետագայում կշեռքների հետ կապված որոշակի խնդիրներ առաջացան, մենք ձեռք ենք բերել երկու ստատիկ կշեռք ու ևս մեկ  շարժական կշեռք: Շարժական կշեռքը գործածության մեջ է, Արմավիրի մարզում է,  բայց պարբերաբար փոխում ենք տեղը, քանի որ վարորդները, երբ իմանում են կշեռքի տեղը այլընտրանքային այլ ճանապարհ են գտնում», — ասաց նա:

Ասոյանի խոսքով՝ ստատիկ կշեռքի համար նախատեսել են 9 հիմնական ուղղություն՝ Արարատի ու Վայոց ձորի ճանապարհահատվածներում են:

Ըստ տվյալների՝ 2022-ի ընթացքում 60 իրավախախտման դեպք են հայտնաբերել 13,6 միլիոն դրամի չափով:

Փաշինյանն արձագանքեց․«Ասում են՝ թանկ է, բայց ասացվածք կա՝ ասում է «ես այդքան հարուստ չեմ, որ էժան ապրանք առնեմ»: Մենք, անընդհատ էժան ապրանք առնելով․․․, տպավորություն է, թե մեր ռեսուրսները անսահմանափակ են, անելիս միանգամից արեք լավը ու արագ», — ասաց վարչապետը: