Քաղաքացիները դատարանի շենքի դիմաց ծաղիկներ խոնարհեցին եւ մոմեր վառեցին՝ ի հիշատակ Արմեն Գրիգորյանի

«Դիմադրություն» շարժման անդամները երթով հասան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայր, որտեղ այսօր նախնական դատալսումների ժամանակ մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

Դատարանի շենքի դիմաց քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին եւ մոմավառություն կազմակերպեցին՝ ի հիշատակ Արմեն Գրիգորյանի։

Դատարանի դիմաց ոստիկանական ուժեր կային։ Ելույթով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը, ապա ցուցարարները երթով շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ եւ նա կորցրեց գիտակցությունը՝ ընկնելով աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է։ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար: Նա մայիսի 17-ից գտնվում էր անազատության մեջ։ Նշենք, որ Արմեն Գրիգորյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր. «Շիրակի եւ արարատյան դաշտավայրի ժողովուրդը միշտ դավաճան է եղել, իսկ սարեցիները՝ Տավուշը, Սյունիքն ու Արցախը, միշտ էլ եղել են իսկական հայ, որովհետեւ արյուն չեն խառնել թուրիք հետ, սրանց կեսը թուրք են, սրանք թուրքի եթիմ են, ոնց կարող են դրանք հայ լինել»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում