Արցախում 4 բնակելի տուն է այրվել. Լուսանկարներ

Հուլիսի 18-ին՝ ժամը 18:10-ին, Ասկերանի արտակարգ իրավիճակների շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում բռնկված հրդեհի մասին: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բնակելի տուն:

Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Աստղաշենի հրշեջ հենակետի մեքենան՝ մեկ մարտական հաշվարկով: Գնահատելով իրավիճակի լրջությունը` Ասկերանի ՀՓՄ-ից ևս մեկ մարտական հաշվարկ մեկնել է օգնության:

Ուղեկցվող թեթև քամու միջոցով հրդեհն արագ տարածվել է հարևանությամբ գտնվող փայտե կոնստրուկցիաներից կառուցված հին շինություններում և բնակելի տներում: Ասկերանի հրշեջ փրկարարներին միացել են ԱԻ ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական ևս 2 մարտական հաշվարկ, այնուհետև Բերքաձորի հենակետի փրկարարները:

Դեպքի վայր է ժամանել և անձնակազմին տեղում ցուցումներ ու հրահանգներ տվել ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը՝ տեղակալ Սամվել Հայրումյանի ուղեկցությամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:10-ին, լիամարվել` 23։50-ին։ Ըստ նախնական տեղեկության՝ ամբողջությամբ այրվել է իրար մոտ գտնվող 4 տուն, պատճառելով նյութական մեծ մնասներ։ Բարեբախտաբար մարդկային տուժածներ չկան:

Հրդեհի վերաբերյալ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում