Հայաստանը հրաժարվում է քննարկել «Զանգեզուրի միջանցքի» հարցը․ ՔՊ-ական պատգամավոր

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է օրեր առաջ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի արած այն հայտարարությանը, որ Իրանը թույլ չի տա որևէ փոփոխություն Հայաստանի և Իրանի սահմանին և այդ համատեքստում Ադրբեջանի կողմից հնչեցվող «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշմանը։

«Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ ՀՀ-ի համար։ Կարևոր եմ համարում նշել, որ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԵԽ նախագահի վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը հանդիպումից հետո հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ՝ հիշատակելով «Զանգեզուրի միջանցքը», ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել։ Այս գործելաոճը նոր չէ, սա առանձնապես չի օգնում կոնստրուկտիվ քննարկումներին, ցավոք մեր հարևանները  առանձնանում են նմանատիպ ոչ պատշաճ գործելակերպով։ Հայաստանի դիրքորոշումը այս հարցով չի փոխվել, նման քննարկումներ տեղի չեն ունենում։ Հայաստանը հրաժարվում է նման հարց քննարկել և ի սկզբանե է հրաժարվել»,- ասաց Աղաջանյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում