Դու պատեհապաշտորեն հետամուտ եղար 2018-ին, բայց չերևակայե՛ս, քեզ դուրս են մղել հետնամուտքից.Դավիթ Խաժակյանը՝ Մարությանին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն արձագանքել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, ով այսօր հայտարարել է, թե վերսկսում է իր ստեղծագործական աշխատանքը և ներկայացրել էր իր նոր մոնո-ներկայացումը՝ «Քաղաքապետը»:

Հայկ Մարությանը նոր մոնո-ներկայացման անոնսում անդրադարձել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքանին։

«Այսօր Հայկ Մարությանը հրապարակեց իր ներկայացման անոնսը և իրեն բնորոշ կապկումով անդրադարձավ Էդմոն Մարուքյանին:

Հայկո՛, քո ազգանունը շփոթում են Մարուքյանի ազգանվան հետ, քանի որ դու փորձում էիր «դերասան Հայկոյից» դառնալ «քաղաքապետ Մարության»: Երբ Մարուքյանը ընդդիմադիր պատգամավոր էր, դու իշխանության հետնամուտքում փայտե «բաբչկայով» ու լայն ժպիտով սպասում էիր պաշտոն ստանալու քո մուտքին: 2012-ից Մարուքյանը քաղաքական գործիչ եղել և մնացել է, իսկ դու 2018-ից փոխեցիր աշխատավայրդ, բայց ոչ կարգավիճակդ:

Երբ քեզ նույնացրել էիր իշխանության հետ և վայելում էիր հեղափոխական վարկանիշը, մենք բաց տեքստով ասում էինք, թե քանի կոպեկի արժեք ունես որպես քաղաքապետ: Երբ դու պատերազմի պարտության բերումով սեփական թիմիցդ ու քո կարծիքով խորտակվող նավից դուրս էիր սողոսկում, մենք կրկին նույն բանն էինք ասում:

Այնպես որ, մեր դիրքորոշումն ու կարծիքը քո մասին չի՛ փոխվել: Դու պատեհապաշտորեն հետամուտ եղար 2018-ին, բայց չերևակայե՛ս, թե 2021-ին դու ես դուրս եկել: Քեզ ուշացած, բայց դուրս են մղել հետնամուտքից», – ֆեյսբուքի իր էջում գրել է Խաժակյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: