Հայտնի է՝ ովքեր են եղել հայ գերիներին գնդակահարողները. մանրամասներ

ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը գրում է․ «Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությամբ՝ նախնական վեր են հանվել տվյալներ, որ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո»(«Komando») ջոկատի զինվորականներն են։

Սա նաև բխում է տելեգրամյան ալիքների տվյալներից: Հայաստանի դեմ 2022թ. սեպտեմբերի 13-15-ն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ռազմական գործողություններին այդ ջոկատի ակտիվ ներգրավվածությունը փաստվում է նաև տելեգրամյան ալիքներով հրապարակված բազմաթիվ տեսանյութերում նրանց կրած համազգեստի արտաքին հատկանիշներով, նմանություններով, համադրությամբ:

Դրանից բացի, առկա են տեսանյութեր 2022թ. սեպտեմբերի 13-15-ից հետո «Կոմանդո» ջոկատի զորացրումների վերաբերյալ, որտեղ նույնպես նրանք նույն համազգեստով են, ինչ հիշատակված տեսանյութում:

Այս ջոկատը ստեղծվել է հատուկ նպատակով, այդ թվում՝ վայրագությունների ու դաժանությունների միջոցով ահաբեկելու հայ բնակչությանը։ Մենք այս պնդումն անում ենք օբյեկտիվ ապացույցների հիման վրա: Ադրբեջանական պատերազմական հանցանքները հիմնավորող ապացույցների մանրամասն ուսումնասիրման գործընթացը շարունակվում է և դրանք պատշաճ կամրագրվեն և կուղարկվեն նաև միջազգային գործընկերներին։

Մի բան միանշանակ է. Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան’թեկուզ այս փուլում որոշակի ժամանակով ճանաչելով դատարանի իրավազորությունը’ առանց վավերացնելու: Առաջնահերթն Ադրբեջանի իշխանությունների, բանակի ու հատուկ ծառայությունների ղեկավարների միջազգային քրեական պատասխանատվության հարցն է:

Այս անձանց միջազգային քրեական հետապնդումը, անգամ առնվազն այդ գործընթացի նախաձեռնումը կարող է ունենալ կանխարգելող նշանակություն:  ՀՀ-ի դեմ ադրբեջանական շարունակվող այս զանգվածային պատերազմական հանցագործությունների պայմաններում դա պետք է անել րոպե առաջ: Արտաքին աշխարհին ուղղված միայն կոչերով ու պահանջներով այս հարցերում անհրաժեշտ արդյունքի չեն հասնում:

Պետք է գործադրել կոնկրետ  մեխանիզմներ»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում