Որոշակի ուժեր օժանդակել են Ադրբեջանին հաղթել արցախյան պատերազմը, որ վերջիվերջո, «հագնի» Իրանին. Կիվիրյան

Ակնհայտ է, որ հաջողությունները պտտեցրել են Ալիեւի գլուխը, այդ հաջողություններից ինքը հղփացել է, դրա համար է նման վարքագիծ ցուցաբերում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով նախօրեին Շուշիում Ադրբեջանի նախագահի արած ռազմատենչ հայտարարություններին, որտեղ անդրադարձել էր նաեւ Իրանին ու ռուսաստանին:

«Վերջին տարիներին տեսնում ենք, որ իր հռետորաբանությունը, իր քայլերը ավելի կտրուկ են դառնում: Չնայած, որոշակի զգուշավորություն պահում է: Օրինակ, ռուսների վերաբերյալ իր հայտարարությունը բավականին լղոզված էր, Իրանի վերաբերյալ նույնպես, թեեւ պարզ էր, որ Իրանին նկատի ունի, բայց «Իրան» անունը չտվեց: Սակայն ակնհայտ է դառնում, որ Ալիեւը հայերի պարտությունների վրա այնքան է հղփացել, որ մտածում է՝ իրեն ամեն ինչ կարելի է: Սա կարող է իր համար շատ վատ ավարտ ունենալ, որովհետեւ Ռուսաստանն ու Իրանը պատահական պետություններ չեն, դրանք երկուսն էլ նախկին, որոշ առումով նաեւ ներկա կայսրություններ են՝ կայսերական ամբիցիաներով, իսկ այդպիսի երկրները ընդունակ են շատ դաժան կերպով պատժել նրանց, որոնք մոլորվել են կամ աստղային հիվանդությունն իրենց տարել է»,-ասաց նա:

Կիվիրյանի խոսքով, Ալիեւը ակնհայտ հասկանում է, որ իր թիվ մեկ հակառակորդներից մեկն Իրանն է. «Ի վերջո, կա քաղաքական բավական հիմնավոր վարկածը, որ որոշակի ուժեր օժանդակել, օգնել են իրեն նաեւ հաղթել արցախյան պատերազմը, որ վերջիվերջո, ինքը «հագնի» Իրանին: Նման մարտավարությունը քաղաքականության մեջ հայտնի է: Հիտլերին էլ որոշ տարածքներ զիջեցին, որ նա ընդհուպ մոտենա ԽՍՀՄ-ին եւ տեղի ունենա այդ պատերազմը: Հիմա նույն ձեւով Ադրբեջանի հետեւում կանգնած ուժերի թիրախը Իրանն է: Իրանն էլ է դա հասկանում, դրա համար շատ կտրուկ արձագանքում է այս իրավիճակներին: Մինչեւ 2020-ը Իրանը երբեք Ադրբեջանի հետ սահմանին կամ Հայաստանի հետ սահմանին զորավարժություններ չէր արել: 2020-ի պատերազմից հետո Իրանն արդեն 4 խոշոր զորավարժություն է անցկացրել հարձակողական բնույթի: Վերջին զորավարժության ժամանակ սահման էին բերել պանտոնային կամուրջներ, հարվածային ուժեր: Ակնհայտ էր, որ այդ զորավարժություն իր էությամբ հարձակողական բնույթ ունի: Մյուս կողմից Իրանը մշտապես հայտարարել է, որ թույլ չի տա հայ-իրանական սահմանի փոփոխություն, ինչպես նաեւ տարածաշրջանի սահմանների փոփոխություն, ինչպես նաեւ դուրս կմղի այս տարածաշրջանից օտար ուժերին: Հասկանալի է, որ խոսքը իսրայելի եւ Արեւմուտքի մասին է»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում