«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Պեմզաշենում 31-ամյա Զարինեի և նրա երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանն արդեն ենթարկվել է դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության։ Նրան ՔԿՀ-ից տեղափոխել էին հոգեբուժական կենտրոն, որտեղ ստացիոնար փորձաքննության ենթարկվելուց հետո հետո կրկին վերադարձրել են ՔԿՀ։ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այժմ Վրույր Բարսեղյանը գտնվում է ՔԿՀ-ում
Նշենք, որ վարույթի շրջանակներում բացի դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննությունից նշանակվել են մի շարք այլ փորձաքննություններ ևս՝ դատաբժշկական, դատակենսաբանական, դատագենետիկական և այլն, որոնց մի մասի եզրակացությունն արդեն ստացվել է։ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ վարույթի շրջանակներում նշանակված փորձաքննությունների եզրակացություններն աստիճանաբար ստացվում են, հրապարակման ենթակա տվյալներ լինելու դեպքում կհայտնեն։
Ինչ վերաբերում է սպանության մեղադրանքով կալանավորված մյուս անձին՝ Արկադի Բարսեղյանին՝ հայտնի «Տիխ« մականունով, ապա նա մեղադրանքը չի ընդունում, պաշտպանության կողմը պնդում է, թե նա դեպքի վայրում չի եղել, իսկ կալանավորման որոշման դեմ արդեն վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը կքննվի գրավոր ընթացակարգով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։ Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում: Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։
Շարունակությունն՝ այստեղ․
