Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի ուղղությամբ, որը կարող է բերել նոր էսկալացիայի. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի ուղղությամբ, որը կարող է բերել նոր էսկալացիայի: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Արցախի ՆԳՆ փոխանցմամբ` մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Այս պահին դժվար է ճիշտ ձևակերպել, թե տեղի ունեցածը խոշոր սադրանք է՞, թե՞ տեղային ագրեսիայի նախապատրաստական փուլ, սակայն այն ուղղությունը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը արցախցի ոստիկանների ուղղությամբ, բազմաթիվ վտանգավոր վարկածների տեղիք է տալիս:

2 հիմնական վտանգ կա այդ ուղղությամբ ադրբեջանցիների հնարավոր առաջխաղացման դեպքում, սակայն դրանց կանդրադառնամ ավելի ուշ:

Ինչ վերաբերվում է ոստիկանության հերթափոխի մեքենայի անձնակազմին, ապա 3 ոստիկան են եղել, իսկ նրանց ճակատագրի վերաբերյալ թեմային ճիշտ կլինի անդրադառնալ պաշտոնական հաղորդագրությունից հետո»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու»կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Հարձակման հետևանքով վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում