«Պառկած խոշոր մլիցաները» և ոչինչ չանող պատկան մարմինները

Ճանապարհային ասֆալտապատ հատվածում թմբիկներ ներդնելով՝ ի սկզբանե նպատակ է դրվել մեքենաների համար անհարթություն ստեղծել ու նպաստել դրանց համեմատաբար դանդաղ ընթացքին։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավագետ Մհեր Հակոբյանը։

«Մարդիկ մեծամասամբ չգիտեն, որ այդ թմբիկների կամ արհեստական անհարթությունների ներդրման գործընթացը կարգավորվում է օրենսդրական հստակ պահանջներով։ Շատերը կարծում են, որ դա ասֆալտի ընդամենը մի տարր է, ինչն այնքան էլ այդպես չէ։ Դա կարգավորվում է ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի թիվ 113-Ն որոշմամբ։ Արդեն 15 տարի շարունակ գործող ճանապարհային կարգավորման վերաբերյալ որոշմամբ՝ հաստատվել են 6 հավելվածներ։ Դրանցից 5-րդը վերաբերում է մեր թեմային։ Մյուս կետերը նույնպես մոտ են այս թեմային»,- ասաց մասնագետը։

Փորձագետի խոսքով՝ արհեստական անհարթությունները պետք է կիրառել հատուկ դեպքերում ու հատուկ կանոններով։

«Օրինակ՝ արհեստական անհարթությունները տեղադրվում են մանկական ու պատանեկան ուսումնադաստիարակչական հաստատությունների մոտ կամ ճանապարհային վտանգավոր տեղամասերից առաջ, ճանապարհատրանսպորտային կուտակման վայրեր հանդիսացող վայրերում։ Այսինքն, այն պետք է կիրառել միայն որոշակի դեպքերում։ Այդ դեպքերից դուրս դու չես կարող այն տեղակայել ու կիրառել»,- ասաց նա։

Ավելին, ըստ Հակոբյանի, արհեստական անհարթությունն արգելվում է կիրառել հատկապես միջպետական ու հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհներին, ընդհանուր օգտագործման տրանսպորտային կանգառների հարթակում, կամուրջների ու էստակադաների վրա, քաղաքներում արագընթաց երթևեկության մայրուղային, հիվանդանոցների ու շտապօգնության ճանապարհներին։

«Հիշում եմ, որ ժամանակին քննարկում կար, որ Մյասնիկյանի պողոտայի իջնող ճանապարհահատվածում թմբիկ տեղադրվի։ Մենք պայքարեցինք դրա դեմ ու կարողացանք հասնել այն արդյունքին, որ թմբիկի փոխարեն հետիոտնային լուսացույց տեղադրվեց։ Ես ասացի, որ այդտեղ չի թույլատրվում թմբիկ դնել, որովհետև այդտեղ երթևեկությունն այնքան ինտենսիվ է, որ թմբիկն իրավիճակը կարող էր վատթարացնել»,- ասաց նա։

Փորձագետը հատուկ շեշտում է՝ ճանապարհային արհեստական անհարթությունները պետք է կառուցել՝ պահպանելով սահմանված հատուկ չափնիշները։ Դրանք, ըստ նրա, խախտվում են հատկապես գյուղական համայնքներում ու քաղաքների բնակելի թաղամասերի շենքերի տարածքում։

«Օրինակ՝ ես մի 3-մուտքանի շենք գիտեմ, որտեղ ամեն մուտքի դիմաց մի հատ արհեստական անհարթություն է դրված։ Ընդ որում, իրավական առումով դա արհեստական անհարթություն չէ։ Այսինքն, որևէ կերպ չի համապատասխանում սահմանված պահանջներին։ Արհեստական անհարթությունը պետք է լինի այն արհեստական անհարթության նման, որը գոյություն ունի, օրինակ՝ ԵՊՀ-ի դիմաց՝ Ալեք Մանուկյան փողոցում։ Այսինքն, այն պետք է այնքան լայն լինի, որպեսզի մեքենայի դիմացի անիվը բարձրանա, վրան մնա այնքան ժամանակ, մինչև հետևի անիվն էլ բարձրանա թմբիկի վրա, հետո նոր դիմացի անիվը պետք է իջնի այդ թմբիկից։ Երկրորդ՝ այն պետք է ունենա գծանշում, անգամ ջրահեռացման համակարգ»,- ասաց նա։

Մեր հանրապետությունում առկա արհեստական թմբիկների 99 տոկոսի դեպքում, ըստ Մհեր Հակոբյանի՝ որևէ կանոն պահպանված չէ։ «Դրանք ընդամենը մոտ 10 սմ լայնություն ունեն, ասես մայթի քար լինեն։ Մեքենայի դիմացի անիվը բարձրանում է, հետո՝ իջնում է։ Դրանք օրենքից դուրս են և չպետք է լինեն երթևեկելի հատվածում։ Դա այլանդակում է ճանապարհը, լուրջ վնաս է հասցնում և՛ մեքենային, և՛ անիվին, և՛ ընդհանուր երթևեկությանը»,- ասաց նա։

Հակոբյանն անդրադարձավ նաև հարցադրմանը, թե ինչու այդ թմբիկների սահմանված չափանիշները չեն պահպանվում ՝ հաշվի առնելով հանրապետության որոշ տարածքներում, դրանց առկայությունն ու այդ չափանիշների իմացությունը։

«Մեր երկրում ամեն մի, այսպես ասած, ճարպիկ մարդ, որոշում է, որ իր շենքի ու տան դիմաց պետք է լինի արհեստական անհարթություն։ Դե, պարզ է, նպատակը մեծ հաշվով բարի է՝ որպեսզի երեխաները չենթարկվեն մեքենաների հարվածների, սակայն, դա երթևեկության «հերն անիծում է»։ Հիմա օրինակ՝ Ավանում՝ մոտ 2 կմ երկրությամբ մի փողոցում, այդպիսի անհարթությունների մի ամբողջ շարք է տեղադրված։ Զուտ այդ արհեստական անհարթությունների երեսից այդ փողոցում քիչ է երթևեկությունը։ Այդ փողոցի վերևում ու ներքևում նույն ուղղությամբ ընթացող այլ փողոցներ ևս կան, որոնք ծանրաբեռնված են, քանի որ այդ փողոցի փոխարեն վարորդները երթևեկում են այդ երկու՝ ավելի երկար փողոցներով»,- ասաց նա։

Օրինակներն, ըստ փորձագետի, այսքանով, բնականաբար, չեն սահմանափակվում։

«Ժամանակին Առինջ գյուղում ես մի փողոց գիտեի, որտեղ մի այնպիսի թմբիկ էր դրած, որի վրայով ամենագնացները շատ դժվարությամբ էին անցնում, որ մեքենայի տակը չխփվեր։ Իսկ սովորական մարդատարներն այդտեղով անցնելիս անհնար էր, որ չվնասեին մեքենաների ներքևի հատվածը։ Հիմա ես գիտեմ փողոց, որտեղ թմբիկները դրված են միմյանցից բառացիորեն 7-8 մետր հեռավորության վրա։ Այսինքն, այդ փողոցն ասֆալտելն արդեն անիմաստ է։ Սկզբում փողոցն ասֆալտում են՝ լավ բան են անում։ Հետո այնքան մոտ թմբիկներ են շարում ու բոլորը խախտումով, որ սկսում ես մտածել, թե էլ ինչու է ասֆալտվել այդ փողոցը, եթե մեքենան երթևեկության ժամանակ միևնույն է՝ վնասվելու է։ Հանգիստ անցնում էինք էլի փոսերը մանևրելով, էլ ի՞նչ կարիք կա ասֆալտի ու թմբիկների։ Էդպես համատարած խրամատ են սարքում պարզապես»,- ասաց նա։

Մեկ այլ վայրում էլ, ըստ մասնագետի, թմբիկին անմիջապես հաջորդում է ժամանակի ընթացքում առաջացած հսկայական մի փոս։ Այս դեպքում արդեն, Հակոբյանի համոզմամբ, մեքենայի վնասելուց խուսափելն անհնար է դառնում։

«Հիմա ես տեղ գիտեմ, որտեղ այդ հատվածն ի սկզբանե էլ անորակ է ասֆալտապատված եղել կամ նույնիսկ փորվել է ու թմբիկից հետ ջրագիծ են անցկացրել։ Հետո այդ ջրագիծը լցրել են, բայց ինչպես միշտ լինում է՝ դա դառնում է փոս։ Մեքենայի անիվը բարձրանում է թմբիկի վրա, դրանից հետո իջնում է, ու ուղիղ ընկնում այդ փոսի մեջ։ Այսինքն, ստացվում է թմբիկ ու պաշտպանական խրամատ։ Մի խայտառակ վիճակ»,- ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ կան նաև թմբիկներ, որոնք ձևական ճիշտ տեսք ունեն, բայց սահմանվածից անհամեմատ ավելի բարձր են կառուցված։

«Օրինակ՝ Եղվարդի խճուղում գտնվող թմբիկը։ Հիմա որ քանոնը վերցնենք ու չափենք, վստահաբար, շատ ավելի բարձր կլինի թույլատրվածից։ Որովհետև, երբ ես իմ մեքենայով անցնում եմ, մի քիչ անզգույշ անցնելու դեպքում մեքենան կվնասվի»,- եզրափակեց փորձագետը։

Թմբկները հեռացնելը, ըստ իրավագետի, քաղաքապետարանի իրավասության շրջանակում է։

«Այն թմբիկները, որոնք օրինական են, օրինակ՝ Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվողը, միայն այն, որ չունեն համապատասխան գծանշում, հեռացել են օրինական տեսքից։ Այսինքն, այն կառուցել են օրինական չափանիշներով, բայց գծանշումների բացակայության դեպքում էլի անօրինական է համարվում։ Եթե արագությամբ վարես ու անտեսանելի թմբիկ լինի կարող ես մեքենայիդ ու քեզ մեծ վնասներ հասցնել։ Իսկ եթե մաքրվել է, ապա թող թարմացնեն, միայն թմբիկը սարքում ու այդպես թողնո՞ւմ են»,- ասաց նա։

Այս առումով, իրավագետը կրկին հիշեցնում է իրավական նորմերի պահպանման կարևորության մասին, միևնույն ժամանակ հայտարարում է, որ խնդիրն այդ նույն իրավական ճանապարհով լուծելու ուղղությամբ աշխատանք չեն տարել՝ հաշվի առնելով հարցի բարոյական կողմը։ «Հիմա, եթե որևէ քայլ արվի, այդ փողոցի բնակիչը վրադ կռիվ կգա, կասի՝ ինչու ես մեր փողոցի թմբիկները հեռացնում։ Եթե նույնիսկ հաղթեցիր ու, Աստված չանի, հանկարծ այդ շենքի դիմաց որևէ մի երեխայի մեքենան հարվածեց, ասելու են՝ այն իրավաբանը եկավ, թմբիկները հանեց, դրա համար էլ այդ դեպքը տեղի ունեցավ»,- ասաց նա։

ORAGIR.NEWS 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում