Մի երևույթ կա՝ «Դոգ» մականունով, ում ես վռնդել եմ համակարգից, հենց նրա հայտարարությունների ֆոնին է հարուցվել այս քրեական գործը․ Վլադիմիր Գասպարյանը՝ իրեն ներկայացված մեղադրանքի մասին

Բացարձակապես չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, անպարկեշություն է այս ամենին միս ու արյուն տալու համար շահարկել աղջկաս անունը։ Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց նախկին ոստիկնապետ Վլադիմիր Գասպարյանը։

«Ավելին ասեմ, չգովազդելով այդ վատ երևույթը, բայց մի կերպար կա, որ նստած է Ամերիկայում ու վարկաբեկում է բոլորին այս երկրում։ Դա Վարդան Ղուկասյան երևույթն է «Դոգ» մականունով, որը նախկինում եղել է մեր աշխատողը ու որին ես վռնդել եմ արվամոլության համար, իր աշխատասենյակում։ Դրա արած հայտարարությունների ֆոնի վրա հարուցվել է այս քրեական գործը։ Ոչ ոքի համար հաճելի չէ, երբ նման երևույթը լկտի բառամթերքով ասում է՝ եթե դուք դա չանեք ես կմտնեմ ձեր ընտանիքներ»,- ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։

Հիշեցնենք` ՀՔԾ-ում քննվող բազմադրվագ քրգործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից խոշոր չափերի հափշտակության դեպքեր։ Դրանց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս:

Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահում)։

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում