Հակառակորդը բուլդուզերով մտել է Տեղ համայնքի արտեր, խրամատներ է փորում

Ադրբեջանական զորքերը հատել են ՀՀ սահմանը, առաջացել Տեղ համայնքում ու մտել արտերը, դիրքավորվել, հենակետ դրել։ Այս մասին 24News-ին ասաց Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ, Արավուս բնակավայրի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։

Հովսեփյանի փոխանցմամբ, ադրբեջանական զորքերը տեղակայված են Արավուսի սահմանից մինչեւ Կոռնիձորի տակ, արտերից մեկն էլ պատկանում է ավագանու անդամ Մասիս Զեյնալյանին։

«Միայն իմ արտը չեն մտել, շատերի ցանած արտերով առաջացել են, բուլդուզերով հողը հավասարեցրել, վրաններ են խփել, խրամատներ են փորել, ինժեներական աշխատանքներ են անում։ Կոնկրետ իմ արտում էլ երեկ հենակետ են դրել։ Տեսել եմ, անվտանգության նկատառումից ելնելով՝ շատ չեմ առաջացել, հեռվից երեւում է»,- 24News-ին ասաց ավագանու անդամը։

Հովսեփյանը նաեւ ասաց, որ որոշ արոտավայրեր էլ են հայտնվել ադրբեջանական զորքերի դիտարկման ներքո, քանի որ նրանք գերիշխող բարձունքներ են զբաղեցրել, անասուններին էլ արածեցնել չի լինում։

Նրա փոխանցմամբ, ռուսական կողմի միջնորդությամբ դեռես բանակցություններ են տարվում ադրբեջանական կողմի հետ։

Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Հիշեցնենք՝ Տեղ գյուղում երեկ ադրբեջանական զորքերի առաջխաղացման վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում