Կառավարությունը հայտարարեց պահեստազորայինների վարժական հավաքներ. հայտնի են ժամկետները

Կառավարության որոշմամբ՝ հայտարարվեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Դրանք կանցկացվեն 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ:

Կառավարության համապատասխան որոշումը ներառված էր Կառավարության հերթական նիստի օրակարգում։

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 2715 քաղաքացի, որից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

Ըստ որոշման՝ վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից հարկավոր է ներգրավել մինչև 278 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացույցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու ևս մեկ որոշում Կառավարությունը կայացրել էր մարտի 23-ի նիստում։ Համաձայն որոշման՝ հավաքներն անցկացվելու են ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը։ Այդ վարժական հավաքներին կներգրավվի մինչև 953 քաղաքացի:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում