Ադրբեջանցիները պահանջել են ինժեներական աշխատանքներ չանել, մերոնք պատասխան են տվել, դրանից էլ ծագել է մարտը. Ա.Խաչատրյան

Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է, մարտական գործողություններ չկան, դիրքային որեւէ փոփոխություններ չեն եղել. ինչպես եղել են մինչեւ այդ մարտական գործողությունները, այդպես էլ պահպանվել են դիրքերը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը:

Դիտարկմանը, որ ՊՆ-ի տարածած տեսանյութում երեւում է, որ ադրբեջանցիների պիկապը մոտ 10 զինծառայողներով գալիս է, ինչու մերոնք չեն կրակում, չկրակելու հրաման կա՞, պատգամավորը բարկացավ եւ ասաց. «Լսեք՝ ինչ եմ ասում՝ նման սադրիչ հարցեր այլևս չտաք, որովհետև դուք դրանով բանակի մեջքն եք կոտրում: Ադրբեջանական պիկապը մոտենում էր մեր դիրքերին, որպեսզի բանակցեն, այդտեղ անընդհատ բանակցություն է ընթանում, եկել, բան են պահանջել, պահանջել են, որ մերոնք ինժեներական աշխատանքները դադարեցնեն, կամ նման մի բան, մերոնք էլ պատասխան են տվել ըստ արժանվույն: Պատասխանից էլ մարտական գործողություններ են ծագել: Մարտական գործողություններ ենք անում, ասում եք՝ «խի՞ եք արել», չենք անում, ասում եք՝ «խի՞ չկրակեցիք», — նշեց Խաչատրյանը:

Նա վստահեցրեց՝ բանակը երեկ իր առջև դրված խնդիրը շատ հստակ կատարել է. «Մեր զինվորները երեկ Ադրբեջանի սանձարձակությանը արժանի պատասխան են տվել, իհարկե, մարտական գործողություններն ավարտվել են մեր զինծառայողների զոհվելով, փառք ու պատիվ նրանց, բայց բանակը երեկ իր առջև դրված խնդիրը փայլուն կատարել է, դժվարությամբ, բայց փայլուն կատարել է ու շատ լավ է, որ այս պահին խաղաղություն է ու անդորր», — նշեց Արմեն Խաչատրյանը:

Հարցին՝ ի՞նչ են պահանջում ադրբեջանցիները, ՔՊ-ականը հեգնեց. «Ասում են՝ եկեք Արցախը տանք ձեզ: Չգիտե՞ք՝ ինչ են պահանջում, ամեն ինչ անում են, որ մեր ինժեներական աշխատանքները չիրականացվեն: Այնտեղ շատ լուրջ, մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, ինչը ադրբեջանցիների դուրը չի գալիս»:

Մարտը դադարեցնելու հարցում որևէ միջնորդություն չի եղել. դադարեցվել է Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան ներկայացուցիչների խոսակցությունների ու բանակցությունների արդյունքում:

«Հարցն այսպես է դրվել՝ շարունակո՞ւմ ենք կռվել, զոհեր, վիրավորներ, դառնում է պատերա՞զմ, թե՞ դադարեցվում է ու դադարեցվել է: Դադարեցման մեջ, ես վստահ եմ, որ մեծ դեր է ունեցել երեկվա դիրքերում ամուր կանգնելն ու պատասխան հարված տալը», — հայտարարեց Արմեն Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ:

Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում