Ծանրամարտի Ադրբեջանի հավաքականը այսօր ուղևորվել է Հայաստան: Ինչպես հայտնի է՝ ադրբեջանցի մարզիկները հանդես են գալու Հայաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։
Հայտնի է, որ թիմը Երևան է ուղևորվել Թբիլիսիով։ Սպասվում է, որ մարզական պատվիրակության կազմում կլինի ընդհանուր առմամբ 12 հոգի։
Երեք ծանրորդ և մեկ ծանրորդուհի Երևանում առաջնության հարթակ կբարձրանան՝ Իսա Ռուստամովը (67 կգ), Օմար Ջավադովը (73 կգ), Ալի Շուքուրլուն (102 կգ) և Նազիլա Իսմայիլովան (49 կգ):
Առաջիկա Եվրոպայի առաջնությունը չափազանց կարևոր է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու արտոնագրային միավորներ շահելու առումով։ Այդպիսի մրցումներն ընդամենը վեցն են, որոնցից գոնե մեկին չմասնակցելը նվազեցնում է օլիմպիական արտոնագրեր ստանալու հնարավորությունները։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Գերմանիայում վնասվածք ստացած և արդեն վիրահատված ադրբեջանցի առաջատար ծանրորդ Դադաշ Դադաշբեյլիի բացակայության պայմաններում թիմը Երևան է ուղևորվել ոչ այնքան մեդալների, որքան արտոնագրային միավորների համար։
Մրցումները կանցկացվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-ից 23-ը։
Նազիլա Իսմայիլովան ելույթ կունենա առաջնության առաջին օրը, Իսա Ռուստամովը՝ ապրիլի 17-ին, Օմար Ջավադովը՝ 18-ին, Ալի Շուքուրլուն՝ 21-ին։
Ընդհանուր առմամբ,Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 40 երկրների ծանրորդներ։