Այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել «Նովէյր» հայկական ավիաընկերությանը պատկանող L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը: 19 ուղևորի համար նախատեսված օդանավում փորձնական թռիչքի ժամանակ եղել են միայն օդաչուները։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի պատասխանատու Լիլիթ Աղաբեկյանը և հավելեց, որ օդանավը «Զվարթնոց» օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10:
Վերջինիս խոսքով՝ հստակ չէ, թե երբ կսկսվեն Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումները, բայց թռիչքը կտևի մոտ 45 րոպե։
«Այս թռիչքը պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականին իրականացված մեկ մասնավոր թռիչքի»,- ասացին Քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունից և հայտնեցին, որ
Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին:
Ինչպես հայտնել էինք, այսօր՝ ժամը 10։00-ին, իրականացվելու էր Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք L410 տեսակի օդանավով։ Թռիչքը բարեհաջող կայացել է, իրականացվել է օդանավակայանի մոտեցման սխեմաների փորձարկում։
Կապան հասնելուց հետո օդանավը կրկին վերադարձել է Երևան:
medianews