(VIDEO) Եթե այն ժամանակ չէիք լսում, հիմա գոնե լսեք. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տեսանյութով, որին կից գրառում է արել.

«Հիշողության թարմացումների շարքս ոչ մուննաթ է, ոչ էլ սեփական անձս կարեւորելու առիթ:

Սակայն ոչ հեռավոր անցյալը կեղծելու, մոռանալու, ուրանալու, խմբագրելու, ֆռացնելու, սվաղելու, սղացնելու, նենգափոխելու խղճուկ փորձերը մշտապես հանդիպելու են ճշմարտության նմանատիպ սեանսների։

2018-ի մայիսի մեկին Նիկոլի ընտրության դեմ իմ ելույթը Հանրապետության Հրապարակում ուղիղ եթերով դիտող բազմահազարանոց հավաքին ժողովված մարդիկ կրկին աշխուժացան, էկրանին հեռարձակվող իմ ելույթին միջնամատեր ցույց տվեցին եւ բղավեցին. սիկտիր:

Ինձ հայհոյում էին, սարքում «ազգի դավաճան», թաղում, սիգարետ հանգցնում եւ «շեմուշկա չռթում» նկարներիս վրա։

Կյանքն ավելի դաժան գտնվեց սակայն…

Բայց ես չունեմ մխիթարություն, քանի դեռ երկիրս գլորվում է անդունդը եւ այդ գահավիժման մեղավորը պատժված չէ։

Վերջիվերջո, ինչպես քանիցս խոստովանել եմ, ես էլ եմ մեղավոր, որ այդ ժամանակ ինձ շատերը չէին լսում։

Բայց չմոռանաք, որ այդպես էր իր ճանապարհը հարթում արյունարբու եւ անբարո ստահակը, ով ընդամենը 2.5 տարի անց հանգեցրեց մոտ 5 000 նահատակների, Արցախի 80%-ի կորստի եւ ազգային աղետի, որն այլ կերպ, քան զուլում կոչել չի ստացվում։

Չէ, անցյալը երեսով չեմ տալիս։ Թեպետ ասելիք շատ ունեմ, բայց դրա ժամանակն ու սիրտը չունեմ։

Ոչ էլ սեփական պատասխանատվությունից եմ փախչում։ Այդպիսին երբեք չեմ եղել, անգամ ուրիշի բեռն եմ վրաս վերցրել։

Հիշեցման նպատակն այս է. եթե այն ժամանակ չէիք լսում, հիմա գոնե լսեք։ Ու եթե ոչ ինձ, ապա գոնե ձեր խիղճը»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում