Ադրբեջանը հեռացրել է Հակարիի կամրջի բետոնե պատնեշները

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թվիթերի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Ադրբեջանը հեռացրել է Հակարիի կամրջի բետոնե պատնեշները։

Հաջիևը նշել է, որ «Լաչին» սահմանամաքսային անցակետը Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, և որ Առաջիկայում սպասվում է, որ ԿԽՄԿ բժիշկները Ստեփանակերտից կուղևորվեն Հայաստան։

«Ի գիտություն, հայկական լոբբին վճարում է նաև կոռումպացված եվրոպացի քաղաքական գործիչներին և եվրախորհրդարանի պատգամավորներին, ովքեր սելֆի են անում սահմանից այն կողմ»,- գրել է Հաջիևը։

Թերևս կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը Եվրախորհրդարանի ճնշմամբ ստիպված է եղել արգելաբացել Հակարիի կամուրջը։

Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը երեկ փակել էր Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով ՌԴ-ին ի վերջո կատարել եռակողմ հայտարարության իրենց պարտավորությունը։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել էր Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ քննարկելու Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից արգելափակման և անցակետի տեղադրման հարցը: Երկրի ղեկավարը տեղեկացրել է, որ ԱՀ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները միաձայն ընդունել են հայտարարություն։

Նշենք, նաև հունիսի 22-ին ԵԽԽՎ-ն ընդունել էր «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։

«Ադրբեջանի պատվիրակությունն արեց ամեն ինչ բանաձևը փոփոխելու կամ դրա ընդունումը տապալելու համար, բայց ոչինչ չստացվեց։ Նրանց առաջարկած մոտ 60 փոփոխությունները մերժվեցին և բանաձևն ընդունվեց։

Ի հեճուկս Ադրբեջանի պնդումների՝ ԵԽԽՎ բանաձևը հստակ արձանագրում է, որ Լաչինի միջանցքով չկա ազատ և անվտանգ տեղաշարժ։ Բանաձևը հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար և մարդու իրավունքների հետևանքներին, ընդգծվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ կատարել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, կոչ է արվում Ադրբեջանին վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանին նաև հասցեական կոչ է արվում հրաժարվել հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից։

Բանաձևում, ի թիվս այլ կետերի, մասնավորապես, արձանագրվում է. Վեհաժողովը չափազանց անհանգստացած է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ընդհատումով և դրան հաջորդած էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման կանխամտածված դադարեցմամբ։ Վեհաժողովը ցնցված է այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ընդունում ներկա իրավիճակից բխող լրջագույն հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված հետևանքները: Վեհաժողովը խորապես ափսոսում է, որ ԵԽԽՎ զեկուցողն իր փաստահավաք այցի ընթացքում չի հրավիրվել Ադրբեջան և չի կարողացել մեկնել Լաչինի միջանցք։ Վեհաժողովը շեշտում է, որ ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել նրան, որ հայ բնակչությունը պարտադրված լինի լքել իրենց տներն ու համայնքները, եթե հակամարտությունը լուծում չստանա:

Այս համատեքստում Վեհաժողովը կոչ է անում հրատապ հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջոցով, ինչպես նաև ապահովել միջազգային չեզոք ներգրավում՝ խաղաղությանն ուղղված ցանկացած մեխանիզմի կիրառման համար։ Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին առանց ավելորդ երկարաձգման կատարել 2022 թ․ դեկտեմբերի 21-ին կիրառված ՄԻԵԴ միջանկյալ միջոցները։ Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին հրատապ կերպով կատարել նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին հրավիրել Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը փաստահավաք առաքելությամբ այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար:

Վեհաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ այլ միջազգային կազմակերպություններին՝ ներառյալ ՄԱԿ հաստատություններին, մուտք գործել տարածաշրջան։ Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին իրապես կառուցողական և խաղաղ մոտեցում ցուցաբերել հարևան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ:

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում գործադրել բոլոր ջանքերը երկու ուղղություններով Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի համար: ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը և հայերի հետ համաձայնեցնել հայկական, ոչ թե՝ ադրբեջանական տարածքով անցնող գազի և էլեկտրացանցի մատակարարման նոր երթուղին: Վեհաժողովը խիստ մտահոգված է Ադրբեջանի ղեկավարության՝ ամենաբարձր մակարդակով հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությամբ և հորդորում է Ադրբեջանին հրաժարվել նման հռետորաբանությունից և քայլեր ձեռնարկել ինչպես ատելության խոսքի, այդ թվում՝ հանրության և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող, այնպես էլ ատելության հողի վրա հանցագործությունների դեմ պայքարելու համար»,- գրել էր ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: