Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ հայրը մեքենան վստահել է 13-ամյա երեխային

Այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի ծառայողները Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Օհանավան գյուղի վարչական տարածքում ծառայություն կատարելիս նկատել են, որ Toyota Camry մակնիշի 50 TV 001 համարանիշի ավտոմեքենան երեխա է վարում, գրում է shamshyan.com-ը:

Պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան: Պարզվել է, որ վարորդը 13-ամյա տղա է: Կանգնեցնելուց հետո ավտոմեքենայից դուրս է եկել մի տղամարդ և տեղեկացրել, որ վարորդն իր որդին է, ինքն իրեն վատ է զգացել, դրա համար էլ ղեկը տվել է երեխային, որ նա վարի:

Մեքենայում եղել են նաև վարորդի կինն ու մյուս մանկահասակ երեխան: Ավտոմեքենան պարեկները տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող տարածք:

Աղբյուրի հաղոորդմամբ՝ վերջին շաբաթներին հանրապետությունում եղել են մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ, նաև՝ ողբերգական ելքով, որոնց վարորդները եղել են անչափահասներ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում