«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընդամենը մեկ հարց պիտի տրվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը համառորեն չի տրվում. «Հարցը հետևյալն է. 2019-ին քո սեղանին դրվել է ԼՂ հակամարտության կարգավորման պլան՝ երեք համանախագահների անունից, որի էությունը հետևյալն է. դու հինգ շրջանը հետ ես տալիս, պահում ես ԼՂ-ն, Քելբաջարն ու Լաչինը՝ քո վերահսկողության ներքո, Քելբաջարի ու Լաչինի՝ ոչ միջանցքային մասը տալիս ես միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը համաձայնում է ԼՂ վերջնական կարգավիճակին: Այսինքն՝ բերվել էր փայլուն լուծում… Բայց դու անում ես 2 քայլ. խաբում ես ժողովրդին, ասում՝ սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա, և երկրորդ՝ ոչ միայն մերժում ես, այլև չես փորձում բանակցել այդ պլանը: Հիմա հարց՝ ինչո՞ւ»:
168.am-ը Լևոն Զուրաբյանի բարձրացրած հարցն ուղղել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը և ինչու Նիկոլ Փաշինյանն այդ լուծմանը չի գնացել։
Ի պատասխան՝ Նազելի Բաղդասարյանն ասել է. «Դրա վերաբերյալ վարչապետը հերքում տվել է, որ չի եղել։ Սրանից ավելի՝ այլ բան չկա պատասխանելու»։ Իրականում Լևոն Զուրաբյանի վերոհիշյալ հարցը նախկինում տրվել է Հայաստանի իշխանություններին և առ այսօր որևէ ողջամիտ պատասխան չի եղել: