Մինչ Ադրբեջանը փորձում է լեգիտիմություն հաղորդել Արցախը շրջափակելու իր նախաձեռնությանը, տեղում` Արցախում, հումանիտար վիճակը կտրուկ սրվում է՝ իր ֆեյսբուքյան էջում գրում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Փաստացի միջազգային որևէ կառույցի կամ դերակատարի հայտարարություն, հորդոր, կոչ Ադրբեջանին զսպելու ֆունկցիա չի կատարում:
Ոչ թե Ադրբեջանն է փաստական կամ հիմքային առումով ուժեղ, այլ հավաքական առումով միջազգային հանրությունը անհրաժեշտ կամք չի դրսևորում:
Միջնորդի կարգավիճակ ստանձնած երկրները կամ չտեսնելու են տալիս Արցախի շուրջ զարգացող արհավիրքը կամ նպաստում Արցախի ադրբեջանացմանը:
Իսկ Արցախում ճգնաժամը նոր դրսևորումներ է ստանում, որի միայն մակերեսն է տեսանելի, իսկ թե ինչ են զգում ու տեսնում արցախցիներն այս օրերին միայն իրենք գիտեն»,-գրել է Աբրահամյանը։