Շարունակում ենք սպասել ՌԴ խաղաղապահ զորախմբի արձագանքին. Էդմոն Մարուքյանը Կոռնիձորում է

«Այս պահին նորությունների իմաստով դեռ որևէ փոփոխություն չունենք, շարունակում ենք սպասել ՌԴ խաղաղապահ զորախմբի արձագանքին»:

Այս մասին այսօր Կոռնիձորից լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, որը տեղում սպասում է 19 բեռնատարի մուտքին դեպի ԼՂ:

«ԼՂ-ում իրավիճակը գնալով սրվում է, 30 հազար երեխա շարունակում է թերսնվել, շուրջ 120 հազար մարդ ունի առաջնային սննդի և պարագաների, ինչպես նաև՝ բազմաթիվ հիվանդներ դեղորայքի կարիք: Աշխարհի բոլոր տեսակի միջազգային, մարդասիրական, մարդու իրավունքներով զբաղվող բոլոր կառույցները իրազեկված են: Մենք մի նպատակ ունենք՝ հումանիտար բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին, որ այն հասնի ԼՂ: Ի սկզբանե հայտարարել ենք, որ անգամ խոսքը բեռնատարերի դեպի ԼՂ գնալու մասին չէ, որ որևէ ձև չկարողանան հակափաստարկներ բերել: Մենք որևէ տեղ չենք թողել, որ որևէ մոտեցում կարողանան օգտագործել այս նախաձեռնության դեմ»,- ասաց Մարուքյանը:

Վերջինս նկատեց՝ այն հայտարարությունները, որ անում է Ադրբեջանը, նյարդային ջղաձգումներ են, որովհետև գնալով բոլոր հարթակներում ապացուցվում է, որ Ադրբեջանը 21-րդ դարում շրջափակել և սովի է մատնում 120 հազար մարդու: Ըստ նրա՝ սա միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարում է, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում:

«ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանները տեսել են բեռները, ուսումնասիրել, հումանիտար և դիվանագիտական մակարդակում աշխատանք է տարվում: Այս իմաստով մեր քայլերը կանխատեսելի և համահունչ են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ըստ որի՝ Լաչինի միջանցքը պետք է գործի, որի տակ ստորագրել են ՌԴ նախագահը, Ադրբեջանի նախագահը, ՀՀ վարչապետը: Հումանիտար ճգնաժամը օր օրի ավելի է խորանում, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին»,- նշեց դիվանագետը:

Հարցին, թե ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մոսկովյան հանդիպման ժամանակ այս նախաձեռնության մասին հայտնե՞լ է, հատուկ հանձնարարություններով դեսպանն արձագանքեց. «ՀՀ ԱԳ նախարարը հանդիպման ընթացքում բարձրացրել է Լաչինի միջանցքի վերաբացման, շրջափակումը վերացնելու հարցը՝ ըստ նոյեմբերի 9-ի պարտավորության, ինչպես նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանի երկու որոշումների իրավաբանական ուժով: Այսինքն՝ ոչ թե կոնկրետ 360 տոննա բեռի հարց պետք է բարձրացնի, այլ ընդհանրապես միջանցքը բացելու, որը, բնականաբար, բարձրացվել է: Լաչինի միջանցքի վերաբացման պահանջը ավելի մեծ գործընթաց է, քան շուրջ 400 տոննա հումանիտար բեռն անցկացնելու հարցը: Վիճակը գնալով սրվում է, և սրանք հանգամանքներ են, որ մենք պետք է հաշվի առնենք»:

Լրագրողի դիտարկմանը, թե երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «խաղն այլևս ավարտված է», ԼՂ բնակիչներին մնում է միայն ինտեգրվել, Մարուքյանը նկատեց, որ դա դիվանագետի հայտարարություն չէ, և երբ որ խոսքը ցեղասպանության վտանգի, էթնիկ զտման ու սովամահության առաջ կանգնած 100 հազարավոր և ավելի մարդկանց մասին է, ուղղակի խոսել խաղի մասին…

«Եթե 100 հազարավոր մարդու կյանքը խաղի հարց է Ադրբեջանի համար, դա ես թողնում եմ միջազգային հանրության խղճին, թո՛ղ դիտարկեն: Ինչ վերաբերում է ինտեգրման մասին բարձրացված հարցին, ապա Ադրբեջանը ունի հնարավորություն ԼՂ-ի հետ բանակցություններ սկսելու, ԼՂ ներկայացուցիչները կորոշեն, թե ինչ են ուզում, ինչ իրավունքներ են ներկայացնում: Ի վերջո իրավունքների և անվտանգության բանակցությունները միջազգային մեխանիզմի ներքո պետք է ԼՂ-Ադրբեջան բանակցությունների շրջանակներում հասցեագրվի»,- նշեց ԱԳՆ ներկայացուցիչը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում