Ինչու է անչափահաս աղջիկ երեխային բռնության ենթարկել մայրը. նոր մանրամասներ

Սեփական աղջիկ երեխային բռնության ենթարկած կնոջ և նրա ընտանիքի մասին նորանոր մանրամասներ են հայտնի դառնում: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ կնոջը իրավապահները հայտնաբերել են Երևանում, դեպքը տեղի է ունեցել Երևանում:

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը:

Վերջինս նաև հաստատեց տեղեկությունը, որը ընտանիքի հայրը դատապարտված է՝ երեխաների նկատմամբ սեռական բռնություն կատարելու համար:

Համայնքի ղեկավարի տեղակալը նաև նշեց, որ նոր տեղեկություններ են ստացել, որոնց համաձայն՝ ընտանիքը Գավառ է տեղափոխվել երկու-երեք տարի առաջ: Ամուսինը Իջևանի բնակիչ է, իսկ կինը՝ Շամշադինի: Այս պահին նրանք Գավառում չեն բնակվում:

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն էլ՝ կինը ցուցմունք տալիս հայտնել է, որ նման քայլի է գնացել գումարի համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 34-ամյա կինը 5 երեխայի մայր է, նա ևս նախկինում դատապարտված է եղել՝ սուտ մատնության համար:

Նշենք, որ համացանցում տարածվող տեսանյութում կինը (ենթադրաբար՝ երեխայի մայրը) ֆիզիկական բռնության է ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում նրան, ցուցաբերում ստորացուցիչ, նվաստացնող վերաբերմունք՝ մերկացնելով նրան ու թքելով երեխայի վրա:

Կինը նաև բռնության տեսարանին է ներգրավել 2 անչափահաս այլ աղջիկ երեխաների (ենթադրաբար՝ բռնության ենթարկված երեխայի քույրերին): Մոր դրդմամբ ու հորդորով աղջիկները թքում և միզում են մյուս երեխայի վրա:

Այս ամենը կինն անում է միացված տեսախցիկի առաջ՝ պարբերաբար ուղղելով այն և աղջիկներին հորդորելով շարժվել ու գործել այնպես, որ ամեն ինչ կադրում հստակ երևա:

Համացանցում արագորեն տարածված և մեծ աղմուկ բարձրացրած այդ տեսանյութում պատկերված կինը, ըստ ոստիկանության, հայտնաբերվել է: Նա այս պահին ՆԳՆ ոստիկանությունում է:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում էլ սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկել՝ տարածված տեսանյութի իրավական ընթացքն ապահովելու համար:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում