1988 թվականին Խորհրդային միությունն ուզում էր մեզ 400 մլն ռուբլով գնել, բայց չենք վաճառվել․ հիմա էլ են ուզում գնել մեզ, օվերտոնի պատուհան են բացում, չի կարելի կուտը կուլ տալ․ Արկադի Կարապետյան

Լաչինի միջանցքը մասնակի բացելու մասին խոսակցություններն օվերտոնի պատուհան են հիշեցնում։ Նման խոսույթով ուզում են ասել՝ մտածե՞լ եք, որ կարող է նման բան էլ լինել։ Այսինքն՝ այդպես նաև հասարակության ռեակցիան են ստուգում։ Վտանգավոր մեկ այլ նարատիվ էլ կա․ լսում ենք տեսակետեր, թե, իբր, ավելի լավ է Արցախում հայությունը շարունակի ապրել, բայց անկախ չլինի, քան դուրս գա էնտեղից։ Իրականում երկուսն էլ շատ վտանգավոր թեզեր են․ տեսել ենք, թե այդ այլընտրանքն ինչի հանգեցրեց Նախիջևանի դեպքում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։

«Որոշ մարդիկ զրկանքներին չեն դիմանում, դուրս են գալիս Արցախից, բայց ադրբեջանական անցակետով անցնելը շատ ավելի վտանգավոր է, ու հնարավոր է՝ որոշները դա լրիվությամբ չեն գիտակցում։ Կարող է մի երկու անգամ թողնեն անցնել, բայց հաստատ ինչ-որ պահի էլի մի միջադեպ սարքելու են ադրբեջանցիները։ Օրինակ՝ կարող է մի անգամ էլ մի ադրբեջանցու մտքով ուղղակի անցնի կրակել ու կռիվը նորից սկսի։ Եթե ՄԱԿ-ը բացել չտա միջանցքը, կռվով է բացվելու, այլ տարբերակ արդեն չի մնա»-ասում է հրամանատարը։

Արկադի Կարապետյանն ավելի քան վստահ է՝ թշնամին ուզում է ոչ միայն Արցախին տիրանալ, այլև փափագում է կռված, ազատագրական պայքարին մասնակցածներին առևանգել, սպանել, նրանցից «վրեժխնդիր» լինել։ Միևնույն ժամանակ, հրամանատարն իր համոզմունքը չի փոխել․ կրկնում է՝ Արցախը ոչ մեկը չի կարող հանձնել Ադրբեջանին՝ ո՛չ Փաշինյանը, ո՛չ Հարությունյանը, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ էլ ԱՄՆ-ն։

«Արցախի հարցը համազգային նշանակություն ունի ու նաև համաշխարհային մակարդակով է շատ կարևոր։ Բայց մի բան էլ պետք է հասկանալ․ Արցախը պահելու միակ ձևը հիմա արդարությունը վերականգնելն է։ Երբ դա լինի, ներքին համերաշխությունն էլ կվերականգնվի։ Հացը, օրինակ, պետք է բոլորին բաժանվի և ոչ թե վաճառվի։ Չի կարող մեկը դժվարություն կրել, մյուսը՝ ոչ։ Բոլորը հավասարաչափ պետք է զգան էդ ծանրությունը ու երբ դա լինի, կմիաբանվենք։ Մի բան էլ է շատ կարևոր՝ դարձի գալը։ Այսպես թե այնպես, սով է, մարդիկ կարող են գիտակցաբար, հավատով ծոմ պահել , դառնալ դեպի Աստված ու կտեսնեք, թե ինչպես շատ արագ իրավիճակ կփոխվի։ Դա չի նշանակում, թե Ալիևը դառնալու է մեր բարեկամը, ո՛չ, բայց ուժ ենք ստանալու, միաբանվելու ենք ու ինքներս կարողանալու ենք մեր խնդիրները լուծել»,-ասում է Արկադի Կարապետյանը։

Օկուպացված Ակնայից դեպի Ստեփանակերտ ճանապարհ բացելը ևս, Կարապետյանի վստահեցմամբ, Արցախի վերջը կլինի։ Բացի այն, որ որևէ խնդիր չի լուծվելու, նաև արցախահությունն է ֆիզիկապես ոչնչացվելու։

«Ադրբեջանը շատ լավ գիտի, թե ինչ է անելու հայության հետ, եթե Ակնայից ճանապարհ բացվի։ Շատ կարճ ժամանակում դրան հետևելու են զանգվածային թունավորումները, սպանությունները, առևանգումները, խոշտանգումները․․․ 1988 թվականին Խորհրդային միությունն ուզում էր մեզ 400 մլն ռուբլով գնել, բայց չենք համաձայնվել, դրա համար էլ հաղթել ենք։ Հիմա էլ են ուզում գնել մեզ, կուտ են տալիս․ չի կարելի վաճառվել»,-նկատում է հրամանատարն ու ավելացնում՝ Արցախը սուրբ հող է։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: