Հայտնի է՝ որ օրն է ավագանին քաղաքապետ ընտրելու

Ըստ նախնական հաշվարկների՝ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։ Այն կվարի ավագանու անդամներից ամենատարեցը․ այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Երևանի ավագանին բաղկացած է 65 անդամից, և դրա ձևավորումից հետո անցողիկ շեմը հաղթահարած 5 ուժերը կընտրեն Երևանի քաղաքապետին։

Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝

ընտրություններից 24 ժամ հետո (այս դեպքում՝ սեպտեմեբերի 18-ին) ԿԸՀ-ն, ամփոփելով տեղամասային ընտրական հանձնաժողովների արդյունքները, կազմում է արձանագրություն,

սեպտեմբերի 18-ին, ժամը 12։00-18։00-ը և սեպտեմբերի 19-ի առավոտյան՝ 09։00-11։00-ը, ավագանու ընտրությունների մասնակից ուժերը կարող են ԿԸՀ ներկայացնել վերահաշվարկի դիմում (եթե այդպիսի պահանջ կա)։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Արդյունքում, ներկայացված ցուցակներից պարզ է դառնում ավագանու անդամների ցանկը, ինչն էլ ենթադրում է, որ հենց սեպտեմբերի 24-ին կազդարարվի մանդատները վերցնելու մասին։ Նշենք, որ թեկնածուները օրենքով սահմանաված կարգով կարող են հրաժարվել մանդատից։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ փոփոխվի Երևանի նորընտիր ավագանու նիստը, սահմանադրագետ Գոհար Մելոյանը պատասխանեց, որ այս հանգամանքը ևս կախված է ընտրության վերջանական ամփոփումից, թե արդյո՞ք այդ անճշտություններն այնքան մեծ կլինեն, որ վերաքվեարկություններ նշանակվեն. «Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս վերաքվեարկություններ նշանակել և արտահերթ ընտրություններ անցկացնել, եթե ինչ–որ տեղամասերում այնքան անճշտություններ են լինում։ Դա անցկացվում է նշանակված պահից 7-րդ օրը, և այդ ամբողջ հաշվարկն սկսվում է արդյունքների ամփոփման օրվանից։ Եթե նմանաբնույթ իրավիճակ չստեղծվի, նիստի օրը կմնա անփոփոխ»։

Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն այսօր ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որի՝ 5 ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Մայր Հայաստան», «Հանրապետություն» և «Հանրային ձայն», հաղթահարել են անցողիկ շեմը՝ հայտնվելով Երևանի ավագանում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում