Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Էվելինա Շահիրյանը չծերացող, միշտ գեղեցիկ ու հմայիչ կանանցից է: 80 տարեկանում էլ ՀՀ վաստակավոր արտիստուհին անկրկնելի է, եռանդով, կյանքի ու թատրոնի նկատմամբ սիրով լի:
BRAVO.am-ի հետ զրույցում վերհիշեցինք նրա կարեւոր դերերը, խոսեցինք կես դարից ավելի նույն թատրոնի բեմում լինելու, միշտ նույն թրթիռով խաղալու, «Կտոր մը երկնքում» հայտնվելու ու ամուսնու անհավանական աջակցության մասին:
— Այսօր խաղալու եք «Վերջին ծաղրածուն» ներկայացման մեջ: Ինչո՞վ են իրարից տարբերվում Ձեր օրերը, երբ ներկայացում ունեք եւ ազատ եք:
— Ներկայացման օրերին ու նույնիսկ մեկ օր առաջ ինձ սկսում եմ տրամադրել ու մտածել՝ ինչպես կանցնի: Հանկարծակի, հապճեպ, ինչ-որ մի տեղից սովոր չեմ մտնել բեմ ու խաղալ: Ես պետք է տրամադրվեմ ու պատրաստվեմ: Մտքով անցնում եմ դերը, հոգեվիճակը, խոսքերը, վերապրում այդ ամենը: «Վերջին ծաղրածուն» վաղուց ենք խաղում, Նշանյանն է բեմադրել, լավ դերակատարներ են խաղընկերներս, կերպարս հետաքրքիր է:
— Մեր հանդիպումն անընդհատ հետաձգվում էր, քանի որ վատառողջ էիք, ի՞նչ կասեք առողջության կարեւորության ու այս շրջանում շատ արժեքներին նորովի նայելու մասին:
— Շատ դժվար հարց է, քանի որ նման պահերին ես հասկանում, թե որքան կարեւոր է առողջությունը: Խիստ պահում եմ բոլոր կանոնները, տնից հազվադեպ դուրս գալիս: Այլանդակ հիվանդություն է, որն եկել է Երկիր մոլորակի վրա: Ինձ համար վերջին 2-3 տարին կարծես խտացված լինեն. այնքան մտերիմ մարդկանց կորցրինք՝ հարազատների եւ ընկերների: Երեկ էլ ընկերուհուս հետ էի խոսում, պատմում էր, որ նորից մարդ է մահացել: Իրեն էլ ասացի՝ արդեն սովորեցինք, որ մարդիկ մահանում են: Ինչ-որ տեղ սրտներս քարացել է, սառել ենք, թե ի՞նչ, չգիտեմ:
— Իսկ առաջ ուրի՞շ էր, կորուստներին այլ կե՞րպ էիք արձագանքում:
— Իհարկե, ուրիշ էր, հույզերն այլ էին: Էլի սիրտդ ցավում է, ծանր ես տանում, բայց հիմա կորուստներն իրար հետեւից են լինում. մեկը չմարսած, չհամակերպված, մեկ այլ վատ լուր ես ստանում: Պետք է լրջորեն վերաբերվել հիվանդությանը: Արտասովոր պայմաններում սկսեցինք ապրել, ամեն ինչ վերափոխվեց՝ մեր կենցաղն ու կյանքը: Այսօր նորից ներկայացում եմ խաղալու, հանդիսատեսը գալու է, ուրախ եմ դրա համար, բայց իրար կողքի են նստում ու շփվում, եւ եթե մեկն էլ վարակված լինի, կտարածվի:
— Տարիների ընթացքում մոտեցումը Ձեր կերպարներին եւ թատրոնին ինչպիսի՞ն է եղել ու արդյո՞ք փոխվել է, թե՞ այդ սերը, հուզմունքը ոչ մի տեղ էլ չի կարող անհետանալ:
— Եթե այդ թրթիռը մեր գործում չլինի, պարզապես չես աշխատի: Բայց տարիների հետ այլ կերպ եմ նայում կերպարներիս: Մտածում եմ՝ հիմա այլ կերպ կխաղայի, որովհետեւ հասունացել եմ ու փոխվել, բայց յուրաքանչյուր դեր ինձ այնքան հոգեհարազատ է, ամեն մեկի հետ մի ամբողջ կյանք եմ ապրել: Հենց այնպես դրանք չեն կարող անցնել, լավ հիշողություններ են մնացել, կան խաղընկերներ, որոնք հիմա կողքիս չեն, բայց հիշում եմ նրանց ու հուզվում: Այդ յուրահատուկ պահերը միշտ ինձ հետ են:
— Իսկ վերջին անգամ ե՞րբ եք հուզվել ու անհանգստացել ներկայացումից առաջ:
— Չեք հավատա, բայց ամեն ներկայացումից առաջ այդ հուզմունքն ունեմ, թեեւ արդեն կես դար է՝ բեմում եմ: Երբ այդ հուզմունքը չլինի, դերասանի կյանքը կվերջանա: Որքան զույգ աչք է քեզ նայում, սպասում, թե ինչ պետք է անես ու իրենց զարմացնես, խաբես, տանես քո հուզմունքների ու ապրումների հետ: Եթե դա չունենաս, հանդիսատեսին քեզ հետ չես տանի:
— Շատ դերասաններից եմ լսել, որ տարիների հետ էլ ավելի պատասխանատու են մոտենում իրենց կերպարներին ու անհանգստանում, ինչո՞ւ է այդպես:
— Շատ ճիշտ է՝ պատասխանատվությունն է մեծանում, հեղինակությունը եւ գիտակցությունդ: Եթե իսկապես դերասան ես ու սիրում ես քո մասնագիտությունը, այդպես էլ պետք է լինի: Իմաստնություն է գալիս, այն քեզ թույլ չի տալիս, որ կեղծես, լրջությունն է շատանում: Որ հիշում եմ՝ առաջ ոնց էի մոտենում գործին ու հիմա, շատ բան է փոխվել: Եթե քեզ սիրել են ու հավատում են, չպետք է հուսախաբ անես:
— Տարիքի հետ դերերը փոխվում են, ինչպե՞ս այդ անցումները ճիշտ անել, որ դերասանը նույնը չլինի ու չհոգնեցնի:
— Մի քանի տարի առաջ թատրոն էի գնացել, անունը չեմ նշի, բեմում բավական տարիքով դերասանուհի էր ու երիտասարդ կնոջ էր մարմնավորում՝ կարճ փեշով պտտվում էր ու ներքնազգեստը ցուցադրում: Հրավիրատոմսով առաջին շարքում էի նստած, այդ կնոջ փոխարեն այնքան էի ինձ վատ զգում, ատամներս սեղմել էի: Ինչո՞ւ այդ օրինակը բերեցի, դերասանուհին պետք է զգա ու տարիքային անցումները ժամանակին անի: Դերասանները միշտ ուզում են երիտասարդ ու գեղեցիկ լինել, այդ օրինակն ինձ դաս եղավ: Ամբողջ կյանքում չպետք է աշխատես գեղեցիկ երեւալ, ամենակարեւոր խնդիրը համոզիչ լինելն է: Շատ դերասաններ նույնիսկ մեր թատրոնում, որոնք ուզեցին միայն երիտասարդ դերեր խաղալ, շատ շուտ դուրս մնացին: Միշտ հպարտ եմ նրա համար, որ իմ տարիքին համապատասխան դերեր եմ խաղում:
— Բացի այդ, ավելի հետաքրքիր չէ՞ հենց Ձեր տարիքի կերպարներ մարմնավորել ու նրանց փոխանցել նաեւ սեփական փորձը:
— Այո, բայց մի վատ բան կա. աստիճանաբար իմ տարիքի դերերը պակասում են: Յուրաքանչյուր պիեսում՝ անգամ շեքսպիրյան, կանանց կերպարներն ամենաքիչն ու ամենաթույլն են: Մյուս պիեսներում էլ երիտասարդ աղջիկների դերեր են: Առաջ այդ խնդիրը չունեի, ինքս էլ երիտասարդ էի: Հիմա իմ տարիքի կանանց պետք մարմնավորեմ, որ հանդիսատեսը նույնը չզգա, ինչ ես՝ այն ներկայացումը դիտելիս: Չեմ ուզում ծիծաղելի լինել. սարսափելի է, երբ կինն իր տարիքը չի զգում: Հետեւում եմ արտասահմանյան նախագծերին, դերասանների տարիքը գիտեմ, չեմ ընկալում անբնականությունը, երբ դեմքը դիմակ են դարձնում, ու այն չի շարժվում: Չեմ քննադատում փոփոխություններ անողներին, բայց ինձ համար դա անընդունելի է: Վախենում եմ իմ դեմքը կորցնել, թող լինի այն, ինչ-որ կա:
— Բոլորի բախտը չէ, որ բերում է Ձեզ պես գեղեցիկ ծերանալ:
-(Լիաթոք ու երկար ծիծաղում է,-հեղ.) Դե, լավ էլի:
— Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում այսքան գեղեցիկ լինել, տարիքային անցումները ներդաշնակ անել:
-Շատ կարեւոր է հոգեկան վիճակը, երբ ներսդ մաքուր է, այդպես է լինում: Լավատես եմ, չունեմ նախանձ ու խանդ: Չնայած՝ պետք է խոստովանեմ, որ ունեցել եմ բնավորության այդ գծերը, բայց տարիքի հետ հաղթահարել եմ: Նման ապրումները միայն քո ներսն են քանդում: Թույլ չեմ տալիս ինձ բացասական խոսել ինչ-որ մեկի մասին, միշտ պետք է լավը տեսնել: Ամեն մեկը ծնվում է, որ երջանիկ լինի, բայց բոլորն էլ սխալներ են անում, իսկ ո՞վ ասաց, որ ես բացառություն եմ: Ես մարդուն կա՛մ ընդունում եմ այնպիսին, ինչպիսին կա, կա՛մ պարզապես չեմ չարանում նրա նկատմամբ ու հեռու եմ մնում: Դրա համար էլ այս թատրոնում հաշտ ու համերաշխ ապրում եմ բոլորի հետ՝ ե՛ւ երիտասարդների, ե՛ւ մեծերի:
— Ի՞նչ է Ձեզ համար գեղեցկությունն ու Դուք ո՞ւմ եք համարում այդպիսին:
— Առաջին հերթին հմայքն է. այնքան է եղել, որ ոչ այնքան հրապուրիչ կինը հենց խոսել է, իրենից գեղեցիկ մարդ տեսած չեմ եղել: Հիմա գեղեցիկ քիթ են սարքում, շուրթեր, դեմք, բայց գեղեցիկ չեն դառնում, որովհետեւ հմայքն են կորցնում: Իմ հասակակից դերասանուհիներ էլ կան, որ ակտիվ են, գեղեցիկ ու խաղում են դեռ: Սոֆի Լորենը հիմա էլ բնական է ու հմայքը չի կորցրել:
— Ո՞րն է Ձեր ու թատրոնի այսքան երկար հարաբերությունների պատճառը: Տարիներ շարունակ հավատարիմ եք Դրամատիկական թատրոնին:
— Չեմ էլ պատկերացնում ինձ ուրիշ թատրոնում՝ ոչ այն պատճառով, որ վատն են, ուղղակի այստեղ եմ կայացել, դերեր ստացել, մի ամբողջ կյանք անցկացրել: Ծեծված բառեր են, որ ասում են՝ 2-րդ տունն է, բայց իսկապես այդպես է: Գուցե նաեւ շատ բաներ եմ կորցրել այդ ընթացքում, որովհետեւ դերերս շատ էին ու անընդհատ զբաղված էի, գրաֆիկս խիտ էր: Հնարավոր է՝ ինչ-որ բան ընտանիքիս եմ պակաս տվել ու զավակներիս, որովհետեւ թատրոնն եմ սիրել, բայց դրանով եմ ապրել, առանց այդ ամենի իմ կյանքն ու տեսակը կիսատ կլինեին: Անցել եմ այդ դժվարություններն ու ձեռք բերածն ավելի թանկ է դարձել ինձ համար:
— Իսկ ե՞րբ էր ամենախիտ ու հագեցած շրջանը, որ ազատ ժամանակ չէիք ունենում:
— Երիտասարդ տարիներին, երբ նոր էի եկել թատրոն: Գրեթե յուրաքանչյուր պիեսում կայի, այն ժամանակ հեռուստաթատրոն էլ կար, անընդհատ դերեր ունեի, ռադիոյում էլ էի ներգրավված, հումորային ու առավոտյան ծրագրերում, կինոստուդիայում: Առաջ մենք միայն երկուշաբթի էինք ազատ լինում, ամեն օր ներկայացում ունեինք, առավոտյան փորձ էր, երեկոյան՝ ներկայացում, երբեմն օրական 2 ներկայացում եմ խաղացել: Շատ խիտ էր աշխատանքը, բայց դա իմ կյանքն էր, այդ ամենով էի ապրում, նաեւ հասցնում էի երեխաներիս հետ էլ ժամանակ անցկացնել: Հիմա ծնողները բողոքում են, թե չեն հասցնում որեւէ բան անել, ես երեխաներիս տանում էի բոլոր խմբակները, տանն ու թատրոնում էլ աշխատում: Սիրում էի իմ աշխատանքն ու ընտանիքը, խաղընկերներիս, հոյակապ ամուսին եմ ունեցել, այդ բոլորի հիմքում սերն էր:
— Ձեր ամուսնու հետ շատ հետաքրքիր կերպով եք ծանոթացել: Նա Ձեզ հեռուստատեսությամբ է տեսել, հավանել եւ ընկերներին ասել է, որ ամուսնանալու եք: Ինչպե՞ս գրավեց Ձեզ:
— Հիմա փողոցներում ամեն տեղ ծաղիկ են վաճառում, այն ժամանակ քիչ էր, բացի այդ էլ՝ միայն մեխակ ու վարդ: Երբ մարտի 8-ն էր մոտենում, այնպես էր անում, որ իրեն գործուղում տան, գնում էր Բաթումի ու բուսաբանական այգուց եզակի ծաղիկներ բերում: Մինչ ես աշխատանքից կվերադառնայի, ամբողջ տունը դրանցով լցված էր լինում: Ծաղիկներն այնքան շատ էին լինում, որ հաջորդ օրը բերում էի թատրոն ու ամեն մեկի սեղանին փոքրիկ փունջ դնում: Նա ամեն օր էր ինձ զարմացնում: Ներկայացումից հասնում էի տուն, սեղանն արդեն պատրաստ՝ ինձ էր սպասում: Շատ ուշադիր էր, ու ամենակարեւորն այն է, որ որպես դերասանուհի՝ նրա շնորհիվ եմ կայացել. մինչ այդ հեռուստատեսությունում էի հայտնվել, բայց պատահական:
— Մի՞թե այն տարիներին հնարավոր էր պատահական աշխատել հեռուստատեսությունում:
— Մինչեւ հիմա էլ զարմանալի է, որ ինձ ընտրեցին, երբ 10-րդ դասարանը նոր էի ավարտել: Հեռուստատեսությունում մի քանի հաղորդավարուհիներ կային՝ Նառա Շլեպչյնանը, Էլեոնորա Վարդանյանը: Հարեւանուհիս ասաց, որ հաղորդավարների մրցույթ կա. «Էվելինան գեղեցիկ է, գուցե ի՞նքն էլ մասնակցի»,- առաջարկեց նա: Ես էլ շատ էի հասկանում, եկա ռադիոտուն, երիտասարդ ու գեղեցիկ այնքան շատ աղջիկներ կային՝ Թատերական ինստիտուտն ու համալսարանն ավարտած: Պետք էր 2 լեզվով՝ հայերեն ու ռուսերեն, վարժ խոսել ու կարդալ, հենց դա էլ իմ առավելությունն էր: Փորձնական կարդացի, ինձնից հեռախոսահամար վերցրին, հեռախոս էլ չունեի, հարեւանինը տվեցի: Մեկ էլ զանգեցին ու կանչեցին, երկրորդ օրն արդեն հաղորդում էի վարում:
-Իսկ Ձեր ամուսինն ինչպե՞ս օգնեց, որ կայանաք:
— Երբ ամուսնացանք, 19 տարեկան էի, ֆիլմերում էի արդեն նկարվել, բայց կրթություն չունեի, հետո 2 բալիկներս ծնվեցին: Նա զգում էր, որ դերասանական ջիղ ունեմ, այդ մորֆին արդեն մտել էր մեջս: Մի օր ասաց դերասանների դասընթացների հայտարարություն կա, բայց ի՞նչ սովորելու մասին էր խոսքը, երբ երեխաներս 4 ու 2 տարեկան էին: Պարզվեց կինոդերասանական ստուդիայում դասերը երեկոյան էին: Նա աշխատանքից գալիս էր, երեխաներին պահում, իսկ ես գնում էի սովորելու: Ավարտելուց անմիջապես հետո էլ մեր թատրոն եմ եկել: Նույն կերպ էլ ներկայացումների էի գնում. ամուսինս մնում էր երեխաների մոտ: Միայն իր շնորհքն է, որ դերասանուհի դարձա, թե չէ արդեն համակերպվել էի, որ տնային տնտեսուհի կլինեմ: Եթե այլ ամուսին ունենայի, ոչինչ չէր ստացվի:
— Դուք Ձեր կյանքի ընթացքում բազմաթիվ փոփոխությունների եք ականատես եղել: Ինչպիսի՞ն էր Ձեր երիտասարդության տարիներին աշխարհը, որում ստեղծագործում էիք:
— Ամեն ժամանակ իր լավն ու վատն է բերում: 60-70-ականներին ամբողջ աշխարհում ու ԽՍՀՄ-ում արվեստը, կինոն, երաժշտությունը մեծ վերելք էին ապրում: Ի՜նչ կոմպոզիտորներ ունեինք, իսկ գիտական աշխարհը, իսկ ակադեմիաները, ամեն ինչ ուրիշ էր: Ամենալավ շրջանն էր, լավ ու իմ նախընտրելի դերերն էի խաղում: Վատն էլ շատ էր այն ժամանակ, բայց լավը գերակշռում էր, որը մենք կորցրինք, ասելով՝ արդեն հին է: Գուցե տարիքիցս է, որ այդպես եմ մտածում, բայց օրեր առաջ համացանցում տեսա դպրոցական համազգեստով ու սպիտակ գոգնոցով աղջիկների նկար: Հարցնում էին՝ գեղեցիկ է, թե՝ ոչ: Իհարկե, գեղեցիկ է: Ես երբեք հնից չեմ կառչում, եթե վատն էր ու գույները մուգ, նորը ստեղծեիք, ինչո՞ւ եք թողնում, որ այսօրվա դպրոցականները հագնեն ինչ ուզում են, ինչո՞ւ են թույլ տալիս, որ հեռուստատեսությամբ ով ցանկանա ու ինչ ցանկանա խոսի: Թատրոնում առաջ անպայման պետք է հայկական պիեսի բեմադրություն լիներ, ինչպես նաեւ ռուսական ու արտասահմանյան: Դրվածքն ուրիշ էր եւ շատ ճիշտ: Մենք այդ կարեւոր ու մեծ բաները կորցրինք:
-Իսկ հանդիսատեսն ինչպիսի՞ն էր, շա՞տ էր տարբերվում նախկինում:
— Մարդիկ թատրոն շատ էին սիրում, հիմա էլ հանդիսատեսը լիքն է, բողոքելու տեղ չունենք, բայց առաջվա հանդիսատեսը պատրաստվում էր թատրոն գալուն: Հիմա դրսում քայլում են ու որոշում գալ ներկայացում նայելու: Դրամատիկականն իր հավատարիմ հանդիսատեսն ունի, բայց այսօրվա երիտասարդները մի քիչ ավելի ուրիշ են, դա հաշվի առնելով ենք նաեւ ներկայացումներն ընտրում: Ժողովուրդը հոգնել է եւ ուզում է ավելի զվարճալի ներկայացումներ տեսնել: Առաջ կարող էին 3,5 ժամ Շեքսպիր նայել, հիմա չեն անի. գերադասում են ակումբում նստել: 4 տարի առաջ Փարիզ էի գնացել, ռեստորան գեղեցիկ զույգ եկավ՝ իրար ձեռքից բռնած, նախքան պատվեր տալը հեռախոսներն առան ու նստեցին, հիմա մեզ մոտ էլ նույնն է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: