«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը և նրա կոչին հետևած բազմաթիվ քաղաքացիներ եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։
«Զվարթնոց» օդանավակայանում, լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը նշեց՝ եկել են զորակցություն հայտնելու Մայր Աթոռին ու Վեհափառ Հայրապետին, սակայն ամենավատ երազում անգամ չէին պատկերացնի, որ Հայոց Եկեղեցին երկրի ներսում պաշտպանության կարիք կունենա։
«Ցավոք սրտի, դա էլ տեսանք։ Տեսանք Արցախի կորուստը, տեսանք հազարավոր զոհեր, տեսանք հայրենիքի ուրացում և, ցավոք սրտի, տեսնում ենք այն, ինչն էլի չէինք կարող պատկերացնել»,- ասաց նա։
Արթուր Վանեցյանը վստահություն հայտնեց՝ մարդիկ գալիս են, և դեռ շատ ավելի շատ են գալու այսօր «Զվարթնոց» օդանավակայան՝ աջակցություն հայտնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Վեհափառ Հայրապետին։
«Նաև իշխանությունները կտեսնեն, որ Եկեղեցին ունի իր հետևորդները, իր նվիրյալները և իր պաշտպանները»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը։
Նա հավելեց՝ Եկեղեցին մեր պետության հիմնասյունն է, պետք է թույլ չտալ, որ իշխանությունները իրագործեն իրենց նպատակը՝ քանդել մեր պետության հիմքերը, որ ազգը կորցնի ինքնությունը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հրահրմամբ քաղաքացիական պտերազմի բռնկմանը, ապա վտանգ, Արթոուր Վանեցյանի խոսքով, կարող է լինել, սակայն ողջամտությունը պետք է հաղթի։
«Ես կարծում եմ, որ բոլորը ողջմիտ կգտնվեն և նման քայլի չեն գնա»,- ասաց նա։
