Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու համար։ Այս մասին Փաշինյանը ասել է Վրաստանում տեղի ունեցող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ժամանակ։
«Սա կարևոր քայլ է։ Ադրբեջանն արդեն վերացնում է իր տարածքից մեր երկիր ապրանքների տարանցման սահմանափակումը։ Նախագահ Ալիևը երեկ հայտարարեց այդ մասին։ Ես շնորհակալություն եմ հայտնում նրան այս որոշման համար և ողջունում եմ այս նախաձեռնությունը։ Մի քանի ամիս առաջ սա բոլորի համար անհնար կլիներ», – ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշել է, որ առաջին տարանցումը կլինի ղազախական ցորենի՝ Ադրբեջանի, ապա՝ Վրաստանի միջով։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի և Ղազախստանի Բարձրագույն միջպետական խորհրդի նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։
«Պետք է նաև ասեմ, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայից ի վեր, և առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի խմբաքանակն էր դեպի Հայաստան։ Կարծում եմ՝ սա նաև լավ ցուցանիշ է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը այլևս միայն թղթի վրա չէ, այլև գործնականում», – ասաց նախագահը։
