Այս պահին շատ երկար եմ սպասել». Մալենայի առաջին հարցազրույցն ու էմոցիաները՝ հաղթանակից հետո (վիդեո)

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանի ներկայացուցիչ Մալենան հաղթանակից հետո առաջին հարցազրույցն է տվել Փարիզում ու մամուլի ասուլիսի շրջանակում պատասխանել լրագրողների հարցերին: Հաղորդավարի հարցին՝ որքանով է հաղթանակը սպասված եղել 14-ամյա երգչուհու համար, Մալենան պատասխանել է՝ չկարողանալով զսպել արցունքները.

«Այս հաղթանակն ինձ համար շատ կարեւոր է, ես այս պահին շատ երկար եմ սպասել: Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել իմ թիմին, մեր պատվիրակությանը, որոնք այնքան մեծ աշխատանք են տարել: Այսօր իմ պրոդյուսեր Դավիթ Բադալյանի ծնունդն է: Շնորհավորում եմ նրան, այս հաղթանակը նաեւ քո նվերն է»,-հուզմունքի ներքո նշել է Մալենան:

Մեր պատվիրակը հավելել է, որ առաջին անգամ էր նման մեծամասշտաբ բեմում ելույթ ունենում եւ չի ժխտել, որ սկզբնական օրերին հուզմունքը մեծ է եղել.

«Ես շատ շփոթված էի սկզբում, բայց այսօր պարզապես վայելում էի պահը եւ հանդիսատեսից ստացած այդ էներգիան, աննկարագրելի էր»:

Հայաստանի ներկայացուցիչը մրցույթում հաղթել է 224 միավորով: Ժյուրիի քվեարկության արդյունքում Մալենան հավաքել է 115 միավոր՝ հայտնվելով երրորդ հորիզոնականում: Հայաստանն առավելագույն 12-ական միավոր է ստացել Լեհաստանից եւ Պորտուգալիայից: Հեռուստադիտողի քվեարկությամբ Հայաստանը ճանաչվել է հաղթող՝ վաստակելով 109 միավոր: Մրցույթին հաջորդած ասուլիսին «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը նշել է, որ 2022 թ-ին Հայաստանը կհյուրընկալի մրցույթը: Մալենան էլ հավելել է՝ «Հայաստանում ձեզ ցույց կտանք մեր մշակույթն ու տեսարժան վայրերը»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում