ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի Սեյսմաբանության և երկրաշարժերի կանխագուշակման լաբորատորիայի ավագ գիտաշխատող Մարիամ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել հնարավոր ուժեղ երկրաշարժերի հետ կապված իր հետազոտությունից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարիամ Մկրտչյանը նշեց, որ Հայաստանում ուժեղ երկրաշարժի վտանգ այս պահին չի տեսնում, սակայն հավելեց, որ եթե ուժեղ երկրաշարժին նախորդող ինչ -որ գործընթաց կա, որը սովորական բնույթ չունի, այլ ունի անոմալ բնույթ, եզրակացություն է արվում, որ կարող է լինել ուժեղ երկրաշարժ:
« Իմ այս հետազոտությունը մի քայլ է դեպի երկրաշարժի կանխագուշակումը, ինչին մենք պետք է հետազոտություններով մոտենանք, որ մի լավ օր էլ կարողանանք կանխագուշակել, բայց կանխագուշակումն էլ օգուտ չունի: Պետք է կարողանալ պաշտպանվել և լավ կառուցել»,-նշեց մասնագետը:
Նա տեղեկացրեց, որ իր հետազոտությունը հետադարձ մոտեցմամբ է ուսումնասիրված: «Վերցրել եմ մի երկրաշարժ, որն արդեն իսկ տեղի է ունեցել, հետ եմ գնացել, ուսումնասիրել դրա սեյսմիկ ֆոնը, դրա համար դա եղել է սպասվող: Սպասվող բառը, որը ներառված է իմ հետազոտության մեջ՝ ներկա ժամանակի համար չի»,-պարզաբանեց նա՝ հավելելով, որ ոչ ոք չի կարող նախօրոք կանխագուշակել երկրաշարժը:
Անդրադառնալով Բավրայի տարածքում անընդհատ գրանցվող ցնցումներին, Մկրտչյանն ասաց, որ չի կարծում, որ Բավրայում ուժեղ երկրաշարժ կլինի, եթե լինի էլ՝ ցածր մագնիտուդով. «Այդ ռեգիոնն անընդհատ ցնցվում է: Տարվա մեջ կարող է 1000 հատ մանր երկրաշարժ լինել, իսկ ուժեղի սպասում առայժմ չկա, որովհետև բավականին դատարկվեց էներգիան»,-ասաց նա:
Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի սեյսմաբանության բաժնի թեմատիկ և բազային ֆինանսավորման ծրագրերի շրջանակներում։
Աշխատանքների հիմնական արդյունքները զեկուցվել են Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Գեոկոսմոսի խնդիրները» և Երևանում տեղի ունեցած «Սպիտակի երկրաշարժը 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» գիտաժողովներում: Առաջարկ է ստացվել ներկայացնել հոդվածը «Universal Journal of Geoscience» ամսագրին։
Ավելի վաղ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում հետազոտվել է սեյսմիկ նախանշանների ձևավորման կախվածությունը սպասվող ուժեղ երկրաշարժերի օջախի մեխանիզմից: ԳԱԱ-ի տարածած հաղորդագրության մեջ ասված էր.
«Հետազոտություններում օգտագործվել է այն հայտնի հանգամանքը, որ սպասվող ուժեղ (M≥6,0) երկրաշարժերին նախորդող ժամանակահատվածում կարող են դիտվել թույլ սեյսմիկայնության պարբերական տատանումներ, որոնք նկատվում են սպասվող երկրաշարժի օջախային գոտում 3-5 տարվա ընթացքում և հասնում առավելագույնի 0.6-1.8 տարի առաջ։
Սպասվող ուժեղ երկրաշարժի օջախային գոտում թույլ սեյսմիկայնության անոմալ ռեժիմի ուսումնասիրման նպատակով մեր կողմից հետահայաց մոտեցումով կատարվել է Հայաստանի լեռնաշխարհի և հարակից շրջանների մի շարք ուժեղ երկրաշարժերին նախորդող սեյսմիկ իրավիճակի վերլուծություն։ Կատարվել է սպասվող ուժեղ երկրաշարժի օջախային գոտու ձևավորման տեղայնացումն ըստ նախորդող թույլ երկրաշարժերի էպիկենտրոնների տարածաժամանակային պատկերի, ֆոնային սեյսմիկայնության առանձնահատկությունների հիման վրա։ Հաստատվել է ֆոնային սեյսմիկայնության կարևոր հատկությունը. թույլ երկրաշարժերի էպիկենտրոնները ժամանակի ընթացքում ենթարկվում են միգրացիայի՝ դեպի սպասվող ուժեղ երկրաշարժի օջախային գոտի: Տեղի է ունենում խմբավորման և կենտրոնացման գործընթաց։ Ուժեղ երկրաշարժերի նախանշան հանդիսացող այս երևույթը դրսևորվում է թույլ երկրաշարժերի էներգետիկ մակարդակի լայն տիրույթում»։