Ցավում եմ, բայց կարծում եմ, որ 2018թ. հղածս մաղթանքը այսօր էլ ավելի արդիական է: Այս մասին Ջահերով երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլի 23-ին հրաժարականի իր տեքստում Երրորդ նախագահը «Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն» էր մաղթել մեր երկրին:
«Իհարկե, կցանկանայի, որպեսզի այսօր էլ մեր ժողովուրդը ցնծար հրապարակում, որպեսզի այդ ժամանակահատվածում ցնծար նրա համար, որ կառուցել է ավելի լավ երկիր, ավելի բերեկեցիկ Հայաստան, ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ, բայց ցավոք սրտի, 2018թ. ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է. ողբում է կրկնապատկված, եռապատկված Եռաբլուրում, ողբում է Արցախի մի մասը կորցնելու համար, ողբում է մեր անպաշտպան սահմանների համար, կազմաքանդված բանակի համար, և այս առումով իհարկե ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան ապրել եմ 2018թ. այս օրը»:
Հարցին՝ չե՞ք փոշմանել, որ 2018թ. ուժ չեք կիրառել և թույլ եք տվել, որ տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ, նա պատասխանեց. «Ես այդ հարցին մի քանի անգամ պատասխանել եմ: Իրականության մեջ, ես չեմ փոշմանել, բայց եթե ես կարողանայի կանխատեսել այս ամբողջ արհավիրքը, միգուցե 2018թ. մարտ-ապրիլ ամիսներին այլ կերպ կգործեի, բայց իրոք չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել: Ուղղակի կցանկանայի, որպեսզի այսօր էլ 2018թ. պահանջատեր ժողովուրդը նույն պահանաջատիրությամբ այսօր հանդես գար: Այդ ժողովրդին խոստացել էին կարճ ժամանակում Հայաստանը դրախտ դարձնել, բա, նույն պահանջատիրությամբ պետք է հանդես գար: Ցավոք սրտի, այն ժամանակվա ոգևորությունը այսօր վերածվել է հիասթափության, բայց մեր թիմը, մեր համակիրները, ողջախոհ մարդիկ պահանջատեր լինելուց առաջ հայրենասերներ են և ցանկացած պարագայում մենք կանգնելու ենք մեր ժողովրդի, մեր պետականության կողքին»: