«Մենք կարող ենք կորցնել երկիր, նախ և առաջ, Արցախը, որը շատ վտանգավոր է, որի հաջորդ քայլը՝ Հայաստանն է: Կսկսեն Հայաստանի մի մասից, հետո դա կշարունակվի»…Հրանտ Թոխատյան

«Այսօր «հասել ենք մի պատի, որից այն կողմ սկսվում է երկրի կործանումը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

«Մենք կարող ենք կորցնել երկիր, նախ և առաջ, Արցախը, որը շատ վտանգավոր է, որի հաջորդ քայլը՝ Հայաստանն է: Կսկսեն Հայաստանի մի մասից, հետո դա կշարունակվի: Այս վիճակն է, և ես զարմանում եմ, որ մեր հասարակության մեծ մասը այս ամենը տանում է դեպի հնի ու նորի պայքարի: Չենք կարողանում որևէ կերպ հասկանալ, որ այդ պայքարի մի մասն արդեն լուծվել է 1998թ., 2003թ., 2008թ., 2018., այսինքն՝ այսօր խոսքը հնի ու նորի մասին չէ, այսօր խոսքը հավերժականի մասին է՝ երկրի, հողի, հայրենիքի մասին ենք խոսում, մեր երեխաների վաղվա օրվա մասին: Եթե իմ մտքում կա, որ երեխաս կմեծանա, կուղարկեմ մի երկրում կսովորի, ես էլ կապրեմ, էլի, այդ դեպքում, այո, ավելի լավ է դուրս չգալ փողոց, բայց այն ընտանիքը, որտեղ հատկապես տղա երեխա է մեծանում և հայրը տղային պատրաստում է, որ՝ բալես, սա քո երկիրն է ու հարկ եղած ժամանակ պետք է գնաս՝ կանգնես սահմանին, պաշտպանես քո երկիրը, ցավոք, այդ ընտանիքների քանակը կրճատվում է, և դա է վտանգավոր»,- ընդգծեց ՀՀ ժողովրդական արտիստը:

Հրանտ Թոխատյանի խոսքով՝ այսօր պետք է դուրս գալ փողոց. «Այսօր հանգիստ ոչինչ չի կարող լինել՝ նստել հանգիստ երաժշտություն գրել, հանգիստ կտավ նկարել կամ հանգիստ բարձրանալ բեմ: Ասում են՝ չեմ զբաղվում քաղաքականությամբ: Ես էլ չեմ զբաղվում քաղաքականությամբ, թող դրանով զբաղվեն քաղաքագետները, այսօր պետք է զբաղվել երկրի հարցերով: Նախկինում ես մտածում էի, որ լավագույն հարթակը բեմն է, և բեմում արտահայտում էի իմ կամ ընկերներիս մտքերը, բայց արի ու տես՝ դա քիչ էր»:

Դերասանի դիտարկմամբ՝ հատկապես իր երիտասարդ գործընկերները գուցե նեղվում են տարբեր պիտակներից, որոնք նրանց կարող են կպցնել, եթե սկսեն խոսել. «Թող ինձ ների տիկին Վարդուշը, բայց ոմն տիկին Վադուշի կարծիքն ինձ չի հետաքրքրում, ես իր համար էլ եմ խաղում բեմում, բայց իր կարծիքն իմ մասին ինձ չի հետաքրքրում, որովհետև բան ասող մարդը կգա՝ կնստի դիմացս ու կասի, որովհետև կամ կպնում են անձնականին, կամ այն աշխատանքին, որն անում ես՝ հին, լափաման, փող…»:

Դիտարկմանը՝ հիմնականում ֆեյքերով են դա անում, չեն կարողանում իրենց դեմքով այդ ամենը գրել, նա արձագանքեց. «Մենք Ձեզ հետ միասին հասկանում ենք, որ ֆեյք է, բայց չէ՞ որ դա կարդում են տարբեր մարդիկ, ասում են՝ եթե ասում է, ուրեմն՝ մի բան գիտի, ու արդեն անցնում ենք այդ դիալոգին»:

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում