Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքը։ «Մենք կարևոր ենք համարել, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված լինեն մեր ծրագրերի, անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ ԼՂ
հիմնախնդրի վերաբերող բանակցությունների բավանդակությանը և ընթացքին, մարտահրավերներին և հնարավորություններին, այս սկզբունքը պահվել է միշտ և շարունակվելու է այդպես լինել», — հանդիպման մեկնարկին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը։
Nikol Pashinyan, Josep Borrell Fontelles
«Հետևապես, այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է, և նման բան երևակայելն ուղղակի անհնար է», — ասել է վարչապետը։ «Բարձր եմ գնահատում Ձեր՝ վերջին շրջանում արած մի հայտարարությունը, որ Արցախի իշխանությունները նույնպես, ըստ էության, որդեգրում են խաղաղության օրակարգ։ Ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ։
Խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքը և պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է և պիտի ասեմ, որ շատ դաժան, դժվար աշխատանքի արդյունքում պետք է արձանագրեմ, որ տեսնում եմ այն ճանապարհը, քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին, որի մասին բարձրաձայնել ենք։ Այն է՝ Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորումը, և ինչպես նախկինում ասել եմ, շատ կարևոր սկզբունք կա, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի և հայ։ Այս է այն օրակարգը, որ մենք համատեղ պետք է առաջ մղենք», — նշել է Նիկոլ Փաշինյանը։